Դիլիջանում հարևանների միջև «մի կաթիլ մեղրի պատմությունն» ավարտվել է ավտոտնակի պայթեցմամբ


Դիլիջանում հարևանների միջև «մի կաթիլ մեղրի պատմությունն» ավարտվել է ավտոտնակի պայթեցմամբ
Հոկտեմբեր 30 10:44 2024

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դիլիջանի Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26 տան բնակիչ 65-ամյա Հրայր Բ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 00:25-ի սահմաններում պայթյունի ձայն է լսել և մոտենալով՝ նկատել է, որ իրեն պատկանող քարե ավտոտնակը պայթեցրել են, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և վնասվել է նաև ավտոտնակում կայանված ռուսական համարանիշներով «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան:  

Մինչ քննիչն ու փորձաքրեագետը աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկութուններն են ստացվում, թե ով է ենթադրյալ կասկածյալը:  

Ոստիկաններն ու պարեկները մեկնում են կասկածյալի բնակության հասցե և կարողանում են նրան վնասազերծել ու բերման ենթարկել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Կասկածյալը Դիլիջանի բնակիչ 56-ամյա Արամ Կ.-ն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 3 միլիոն դրամի վնաս, ավտոմեքենան էլ իր որդու սեփականությունն է:  

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են.«Գիշերը 12 անց կեսի կողմերն էր, ուժեղ պայթյուն լսեցինք, մեզ թվաց՝ կամ գազի բալոն է պայթել, կամ ինչ-որ բան տրաքացրել են, դուրս եկանք, հետո իմացանք, որ Հրայրի ավտոտնակը տրաքացրել են ու մի քանի րոպե հետո ոստիկաններն ու պարեկները եկան, հետո տեսանք, որ նրանք գնում են Արամի տան կողմ, որտեղից էլ նրան բռնեցին:

Որ իմացանք՝ Արամի հետևից են գնում, ասինք՝ էդ ա, միլիցեքին էլ կտրաքացնի, քանի որ փողոցային խոսակցություններով միշտ լսել ենք, որ կարող ա մոտը զենք-զինամթերք լինի, բայց դե մտածել ենք՝ ինչ պիտի անի, հո հարևանի կամ հայի վրա չի գցի, բայց պարզվեց՝ մի կաթիլ մեղրի պատմության համար մարդու գարաժը տրաքացրել ա»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։