Դուք լսեցի՞ք իմ պատասխանը, եթե լսեցիք՝ ինչու եք նման հարց ձևակերպում: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով դպրոցական դասագրքերի խնդիրների հետ կապված լրագրողի հարցին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ես խնդրում եմ ձեր հարցադրումից զերծ պահել որակումները, ես ասել եմ և շարունակում եմ ասել հետևյալը՝ բոլոր դասագրքերը, որոնք պետք է տպագրված լինեին, տպագրված են եղել ու տրամադրվել են դպրոցերին մինչև սեպտեմբվերի 1-ը, պա՞րզ է ձեզ իմ պատասխանը»,- դիմելով լրագրողին՝ ասաց նախարարը:
Հարցին՝ կարո՞ղ է պնդել, որ այսօր դպրոցները չունեն դասագրքերի կարիք, նախարարը ասաց. «Այն գրքերը, որոնք պետք է տպագրվեին և որոնք մրցույթի արդյունքնում երաշխավորվել են, բոլորի տպագրությունն իրականացվել է սահմանված ժամկետում, դրանք մինչև սեպտեմբերի 1-ը եղել են դպրոցներում:
Եղել են 10 առարկաներ, որոնցով դասագիրք չի երաշխավորվել կամ չի ներկայացվել մրցութային գործընթացում, կամ ներկայացվել է, բայց փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն չի ստացել: Այդ դասարանների համար դպրոցներին նախապես տեղեկացվել է, որպեսզի իրենք ուսուցումը շարունակեն հին դասագրքերով: Այստեղ նույպես որևէ խնդիր չունենք: 3 առարկաների մասով, որոնցից մեկը 10-րդ դասարանի պատմության դասագիրքն է, իսկ մյուս երկուսը «Թվային գիտություն», «Համակարգչային գրագիտություն» առարկան է, նյութեր ենք տրամադրել:
Ինչ վերաբերում է պատմության դասագրքին, մենք սա դիտարկում ենք իբրև փորձարկում: Ավագ դասարաններում պետք է հրաժարվենք մեկ դասագրքի մոդելից: Մենք դպրոցներ ունենք, որտեղ գրաբար, գծագրություն, արհեստական բանականության դասընթացներ ենք ներդրել, այսինքն առարկաները բազմազան են դառնալու, հետևաբար մեկ դասագրքին կառչած մնալը որևէ կերպ չի նպաստում կրթության արդյունավետությանը: Մենք փորձում ենք այս տարի պատմության դասընթացի միջոցով այս մեթոդաբանությունը սովորեցնել մեր ուսուցիչներին: Սա կդառնա մեր հաջորդ ռեֆորմի սկիզբը»,-ասաց նա