«Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են թատրոնում


«Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են թատրոնում
Հոկտեմբեր 29 10:00 2024

«Գոյ» թատրոնի դերասանները, որոնք երեկ մուտք էին գործել թատրոնի տարածք, գիշերել են հենց թատրոնում։

«Բարի լույս, հրաշալի քնել ենք այստեղ», «հրաշալի գիշեր ենք ունեցել», «հսկում էինք ամբողջ «Գոյ թատրոնը»,-ասում են դերասանները։ 

«Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը երեկ ուշ երեկոյան ուղիղ եթերով ասել էր.  «Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը հաղորդում է ներկայացրել  ոստիկանություն իբրև թե ապօրինի կերպով ներխուժում է եղել, ինքնիրավչություն, բայց ոստիկանությունն այդ ամենը քննելով, ընթացք չի տվել։

Այսինքն, չեն գտել, որ մենք ապօրինություն ենք կատարել, իրավունք չունենք այս պահին այստեղ գտնվելու։ 

Ընդհանուր հայտարարի եկանք՝ մենք մնում ենք այստեղ, շարունակում ենք մեր ակցիան, իհարկե, ոստիկանների հսկողության տակ, որովհետև պետական գույք է, պետական շենք է, մինչև կոնկրետ որևէ պատասխան կլինի դատախազությունից, դատական համակարգից, որ գործին ընթացք է տրվում, շարժ կա։ 

Այլ կերպ՝ մենք էլ չենք կարողանում պայքարել, փորձում ենք մեր իրավունքներն առաջ տանել դատարանով։ 

Հնարավոր է ինչ որ հանդիպում լինի վաղը՝ հարցին լուծում տալու համար։ Մենք պայքարում ենք ստեղծագործելու, արդարության, անզվության համար»։

Հիշեցնենք՝  կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ,  չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։