Մառնեուլիի Կղիզիլաջլո գյուղի 74-րդ ընտրատարածքում, հավանաբար, գազ կամ «պղպեղ սփրեյ» են օգտագործել: Այս մասին հայտնում է aliq.ge-ը։
Marneuli FM-ի փոխանցմամբ՝ իրավիճակը պատկերող տեսանյութը տրամադրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդ Նաթիա Օքրոպիրիձեն։
«Չգիտեմ, թե ինչ էր՝ գազ կամ պղպեղ սփրեյ։ Գլխացավ ունեմ և սրտի բաբախյուն: Ինձ ընտրատեղամասից հանեցին ու ուղարկեցին ուրիշ ընտրատեղամաս»,- ասել է Օքրոպիրիձեն։
Նշենք, որ Մառնեուլիի 74-րդ ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով տուժել է 1 մարդ։
Ըստ տարածված տեղեկությունների` Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել (աղբյուր 1, 2):
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մառնեուլիի 69-րդ տեղամասում տեղի ունեցած միջադեպին այսպես է արձագանքել. «Ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով»:
Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է: ԿԸՀ նախագահն արձագանքել է Մառնեուլիում քվեաթերթիկների լցոնման կադրերին և կոչ է արել Մառնեուլիի ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը։ Նշվում է, որ քվեներն անվավեր կճանաչվեն: