Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին


Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին
Հոկտեմբեր 23 11:19 2024

2024թ․-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշում է կայացրել Վլադիմիր Բալանդինին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին. այս մասին հայտնում են ՀՔԱՎ գրասենյակից։

ՀՔԱՎ գրասենյակը և Կազմակերպության Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ավելի քան 8 ամիս զբաղվել են Բալանդինի իրավունքների պաշտպանությամբ՝ կանխելու վերջինիս արտահանձնումը Բելառուսի Հանրապետությանը։ Վ․Բալանդինը այլևս արտահանձնման վտանգի տակ չէ, քանի որ  ՀՀ-ում ունի փախստականի կարգավիճակ և կոնվենցիոն նորմով արգելվում է նրա արտահանձնումը։ 

Հիշեցնենք, որ Վ․Բալանդինի նկատմամբ Բելառուսում հարուցվել է քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է, քանի որ Վ․Բալանդինը մասնակցել էր անհնազանդության ակցիաներին՝ իրացնելով արտահայտվելու ազատության իր իրավունքը։ Վ․Բալանդինը Հայաստանում անազատության մեջ էր 2024 թ․ մարտի 10-ից։