Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տարոն 4 թաղամասում ամբարձիչը (կռանը) ընկել է քաղաքացու վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր մեկնած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը արձանագրել է քաղաքացու մահը:
Օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։
Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Պատվական Ա․-ն է։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 16։50-ի սահմաններում շինարարական հրապարակում բեռ դատարկելուց հետո Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն իր «ՄԱԶ» մակնիշի ամբարձիչը (կռանը) հավաքելու ժամանակ մեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել և բախվել «ՄԱՆ» մակնիշի բեռնատարին, որի ետնամասում կանգնած է եղել Պատվական Ա․-ն․ ով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դիակի արտաքին զննությամբ առկա են եղել գլխի աջ կեսի, քթի շրջանի պատռված վերքեր:
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նարեկ Գ․-ն աշխատում է «Բեռների փոխադրում և ավտոծառայություն Կ.Գևորգյան և որդիներ ՍՊԸ»-ում՝ որպես վարորդ։