Առեղծվածային դեպք՝ Քասախում. տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց


Առեղծվածային դեպք՝ Քասախում. տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 16 12:40 2024

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում մահացած քաղաքացի և վիրավորների կան:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը նշված բնակարանից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ 2 հոգու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում Ս. Բաբախանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրիի տարածքային վթարային ծառայության աշխատակիցները, քանի որ վարկածներից մեկով, հնարավոր է, շմոլ գազի արտահոսք եղած լինի, սակայն երբ «Գազպրոմ»-ի աշխատակիցները ժամանել են, տանը գազի հոտ չի զգացվել:

Տեղի ունեցածը շմոլ գազի հետևանք է, թե սննդային թունավորում՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: