Կնոջ մահվան պատճառ դարձած պլաստիկ վիրաբույժն այս պահին վիրահատություններ չի կատարում, ՔԿ-ում էլ սպասում են փորձաքննության արդյունքներին


Կնոջ մահվան պատճառ դարձած պլաստիկ վիրաբույժն այս պահին վիրահատություններ չի կատարում, ՔԿ-ում էլ սպասում են փորձաքննության արդյունքներին
Հոկտեմբեր 15 22:09 2024

56-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած վիրահատությունն իրականացրած պլաստիկ վիրաբույժ Արթուր Սարգսյանն այս պահին միջամտություններ չի իրականացնում։  Այս մասին հայտնեցին Արթկոսմեդ էսթետիկ վիրաբուժական կենտրոնից՝ հրաժարվելով  այս թեմայի վերաբերյալ այլ հարցերի պատասխանել։

Հիշեցնենք, որ այս կենտրոնի հիմնադիր Արթուր Սարգսյանի կողմից իրականացրած վիրահատության ընթացքում մահացել էր Զաբել Կարապետյանը։ Վերջինի ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է սկսել։

Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահին դեպքի վերաբերյալ որևէ նոր տեղեկություն չունեն։

«Վարույթ կա նախաձեռնված՝ նշանակված է փորձաքննություն՝ հնարավոր բժշկական սխալի, մարդկային, մասնագիտական գործոնի հանգամանքները, մահվան հետ պատճառահետևանքային կապը հասկանալու համար։ Այդ փորձաքննության արդյունքները չենք ստացել։

Ավելին, անցած տարի էլ էր նույն կլինիկայիում մահվան արձանագրման հետ կապված վարույթ նախաձեռնվել, դրանով անգամ դեռ նույն նպատակով նշանակված հանձնաժողովային փորձաքննության արդյունքները, եզրակացությունը չենք ստացել ու դեռ չենք կարողանում իրավական գնահատական տալ բժշկի կամ բուժանձնակազմի գործողություններին»,-հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ գործող նոր քրեական դատավարության օրենսգրքով պաշտոնավարման կասեցումը խափանման միջոց է, որը կարող է կիրառվել միայն եթե անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում, մեղադրանք է ներկայացվում։

Մինչ փորձաքննությունն ընթացքում է, բժիշկ Արթուր Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝մասնավորապես նշելով. «Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։ Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել»։

Մահացած կնոջ ամուսինը՝ Զարեհ Կարապետյանը հայտարարել է, որ կնոջը սպանել են, նա  նարկոզի տակ է մնացել։ Կինը ոտքի փոքրիկ գունդ ուներ, դա և որովայնի ճարպը հեռացնելու համար եկել էր Հայաստան Գերմանիայից։ Ողբերգությունից հետո է պարզվել՝ կնոջ թևերը, կզակը, աչքերի տակը, որովայնը, հետույքը վիրահատական դանակի տակ են ընկել։