Մտել են Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը


Մտել են Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հոկտեմբեր 9 11:46 2024

Հոկտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել 56-ամյա Մաթևոս Պողոսյանը և խնդրել, որ  Էջմիածին քաղաքի «Սուրբ Գայանե» եկեղեցի ոստիկան մոտենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Կարապետյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02։00-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն օգտվելով եկեղեցու պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել եկեղեցի, երկաթյա ձողերի միջոցով կոտրել է գանձանակի փականը և հափշտակել ներսի գումարը՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաթևոս Պողոսյանը «Սուրբ Գայանե» եկեղեցու վարդապետն է։