44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել


44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել
Հոկտեմբեր 8 23:45 2024

44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել, հայտնում են «Էրեբունի» ԲԿ-ից։

«Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը, «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի երկարատև բուժումների արդյունքում հղիացել և երեխա է ունեցել:

Հղիությունը մինչև 34 շաբաթականն առանց լուրջ խնդիրների է անցել. կնոջ վիճակը կտրուկ վատացել է, բարձրացել է զարկերակային ճնշումը, հղին գանգատվել է մարմնի ցավից և թուլությունից: Կատարված հետազոտություններն անսպասելիորեն արյունաբանական լուրջ հիվանդության՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզի կասկած են առաջացրել:

Անմիջապես ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը՝ Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի, մանկաբարձ-գինեկոլոգ Իննա Բաղդասարյանի հետ՝ Անզգայացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ կյանքի ցուցումով կեսարյան հատում է կատարել։

Լալա Բախտիկյանն անմիջապես տեղափոխվել է Արյունաբանական կենտրոն, որտեղ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել, ի դեպ՝ Հայաստանում առաջին անգամ՝ մեծահասակի: Ծնողները փոքրիկին իրենց կորցրած որդու անունով են կոչել՝ Ռաֆիկ՝ վստահ, որ նա կրկին ապրելու ուժ է տալու իրենց»,- նշված է հաղորդագրությունում: