Գրադարանները նպաստում են մարդու կրթության իրավունքի իրացմանը, օգնում վայելել մշակույթի ձեռքբերումները, հանգստանալ, ժամանակ անցկացնել և տեղեկատվություն ստանալ. Անդրեասյան


Գրադարանները նպաստում են մարդու կրթության իրավունքի իրացմանը, օգնում վայելել մշակույթի ձեռքբերումները, հանգստանալ, ժամանակ անցկացնել և տեղեկատվություն ստանալ. Անդրեասյան
Հոկտեմբեր 7 11:37 2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Գրադարանավարի օրվա առթիվ.

 «Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:Մեծ հաշվով սա տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են գիրքը: Տոն է գիրք ստեղծողների, պահպանողների և ընթերցողների համար:

Գրադարանը մարդկությանը հայտնի ամենահին մշակութային հաստատություններից մեկն է: Այստեղ ամբարվում է այն ամենը, ինչ մարդկությունը հայտնաբերել ու կուտակել է  հազարամյակներով, այն է՝ համամարդկային գիտելիքներ, գիտական հայտնագործություններ, աշխարհընկալումների ու ճշմարտությանը հասնելու փնտրտուքների վկայություններ: Հետևաբար գրադարանը քաղաքակրթական զարգացումների վերաբերյալ փաստագրական հիշողությունների պահապանն է:

Մարդկության պատմության երկար ժամանակահատվածում գրադարանների սոցիալական գործառույթները զգալի փոփոխություններ են կրել: Այսօր գրադարանները նպաստում են մարդու կրթության իրավունքի իրացմանը, օգնում վայելել մշակույթի ձեռքբերումները, հանգստանալ, ժամանակ անցկացնել և տեղեկատվություն ստանալ: Դրանք նպաստում են գիտության զարգացմանը, հասարակության և յուրաքանչյուրի առաջընթացին: 

Տեխնոլոգիաների զարգացման և գլոբալ փոփոխությունների տեմպերը գրադարաններին կանգնեցրել են նոր մարտահրավերների առջև, որոնց դիմագրավելու համար ոլորտի պետական քաղաքականության մեջ իրականացնում ենք համալիր միջոցառումներ:

Ընդամենը օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնցով գրադարանների օգտագործման նպատակներում ամրագրվեցին տնտեսական և ձեռնարկատիրական, գրադարանային աշխատողների ատեստավորման մասին դրույթները, սահմանվեց էլեկտրոնային գրադարան հասկացությունը: Իրավական կարգավորումները նպաստելու են գրադարանների գործառույթների բարելավմանը` գրա­դա­րա­նա­յին հավաքա­ծու­նե­րի համալրման, պահ­պա­նութ­յան, ուսումնասիրման, հանրահռչակման, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառան­գու­թյան թվանշա­նացման առումով, ինչպես նաև տեղեկատվական շտե­մա­րաննե­րի և միացյալ ավտո­մատացված համակարգերի շարունակական զարգացմանը:

Նախարարությունը շարունակում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը, որի շրջանակում իրականացվում է հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների նյութատեխնիկական բազայի վերազինում: Արդյունքում՝ ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ձևավորվում են արդիականացված գրադարաններ:

ՀՀ մարզերում հավատարմագրված 47 համայնքային գրադարաններ վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են նոր մասնագիտական կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են պետական աջակցությամբ հրատարակված գրականությամբ: Միայն 2024 թվականին շուրջ 10 հանրային գրադարաններ համալրվել են նոր համակարգիչներով, բազմաֆունկցիոնալ տպիչ սարքավորումներով, նոր կահույքով: Արդիական ընթերցասրահներ են ձևավորվել Սպիտակի, Ջերմուկի, Ապարանի, Ստեփանավանի, Գյումրիի, Վանաձորի, Վայքի, Օձունի, Թալինի, Սիսիանի, Մեղրիի, Արթիկի  և  համայնքային ենթակայության շուրջ 45 մեծ և փոքր գրադարաններում:

ՀՀ համայնքներում մշակութային և երիտասարդական համալիր ծառայությունների բարելավման, այդ շրջանակում նաև հանրային գրադարանների կառավարման նոր մոդելի ստեղծման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը մշակել է մարզերում Համայնքային մշակութային ժամանցային կենտրոնի ձևավորման փորձարարական նոր ծրագիր։ Նպատակադրել ենք առկա մշակութային ենթակառույցների հիման վրա առնվազն 10 մարզային համայնքներում ձևավորել ժամանակակից մշակութային և երիտասարդական միջավայր՝ միտված մշակութային կյանքի ակտիվացմանը, հանրային ընթերցանության խրախուսմանը, գեղագիտական կրթության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, երիտասարդական ներուժի բացահայտմանն ու շարունակական զարգացմանը։

Սիրելի՛ գրադարանավարներ, ձեր ջանքերով գրադարանները մարդկանց համար շարունակում են ճանապարհ բացել դեպի գիտության և իմաստության աշխարհ:

Մասնագիտական տոնի նախօրեին շնորհակալություն եմ հայտնում գրադարանների աշխատակիցներին՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքի, ազգային և համաշխարհային ժառանգությունը պահպանելու, տեղեկատվություն տրամադրելու և ընթերցողներին մշտապես որակյալ ծառայություններ մատուցելու համար։ Հատուկ երախտիքի խոսք եմ հղում գրադարանային գործի և գրադարանագիտության վետերաններին: Վստահ եմ, որ ձեր աշխատանքը միշտ արժանի արձագանք է գտնում երախտապարտ ընթերցողների սրտերում:

Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»: