Երևանում Opel-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է


Երևանում Opel-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Սեպտեմբեր 14 10:37 2024

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում՝ «Դոբրոցեն» առևտրի կենտրոնի մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Պարզվել է նաև, որ կայանված բեռնատարը բեռնված է եղել ցեմենտով։

Մինչ դեպքի վարում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, Երևանի 1-03 շտապ օգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի և կայանված բեռնատարի սեփականատիրոջ ինքնությունը։