«Ընտանիքը պատրաստություն էր տեսել, որ դիմավորեր»․ բանակից տուն վերադառնալիս ավտովթարից մահացած Արմեն Մամրեյանը Կոթիից էր


«Ընտանիքը պատրաստություն էր տեսել, որ դիմավորեր»․ բանակից տուն վերադառնալիս ավտովթարից մահացած Արմեն Մամրեյանը Կոթիից էր
Հուլիս 11 17:53 2024

Սյունիքի մարզում բանակից տուն վերադառնալիս ավտովթարից մահացած 20-ամյա Արմեն Մամրեյանը Տավուշի մարզի Կոթի գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը: Նրա խոսքով, ընտանիքը արդեն մի քանի տարի է՝ Իջանում էր բնակվում, սակայն Արմենի տատիկը գյուղում էր բնակվում: «Արմենը իրենից փոքր մի քույր ունի: Իջևանում էին ապրում: Հայրը հաճախ արտագնա աշխատանքի էր մեկնում: Քրտնաջան աշխատող, օրվա հացը վաստակող ընտանիք էր»,-պատմում է Անդրանիկ Հախվերդյանը: Վարչական ղեկավարի խոսքով՝ Արմենը տաղանդավոր տղա էր․ «Խելացի տղա էր, երգում էր, լավ ձայն ուներ: Գյուղի բոլոր միջոցառումներին  մասնակցում էր: Ամբողջ գյուղը սիրում էր նրան, հիմա ոչ ոք չի ուզում հավատալ, որ նման բան է տեղի ունեցել: Գյուղացիները պատմում էին, որ տատիկը տորթ էր պատվիրել բարի գալուստ գրվածքով,  սպասք էր գնել հատուկ, պատրաստվում էր գնալ Իջևան՝ թոռանը դիմավորելու»։

Հիշեցնենք, որ Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի էր ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։ Վթարի հետևանքով մահացել է զորացրված 2 զինծառայող, 5 զինծառայողն էլ վիրավորում են ստացել։ Մահացածներից մեկը վարորդն է, մեկը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։