Իշխանությունն ամեն առիթով խրախուսում է ընդդիմադիրների հանդեպ ուժի կիրառումը. ԱԺ ՊՊԾ աշխատակիցներն են պարգեւատրվել. «Ժողովուրդ»


Իշխանությունն ամեն առիթով խրախուսում է ընդդիմադիրների հանդեպ ուժի կիրառումը. ԱԺ ՊՊԾ աշխատակիցներն են պարգեւատրվել. «Ժողովուրդ»
Հուլիս 2 08:04 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ու քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրումն ու բիրտ ուժ կիրառելը խրախուսելու համար, ամեն առիթի պարգեւատրում ու շնորհակալագրեր է հանձնում բռնարարներին:

Նախ հունիսի 12-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ընթացքում հատուկ միջոցներ կիրառելուց անմիջապես հետո, ոստիկանները ՀՀ պետբյուջերի միջոցներից դրամական պարգեւ ստացան, հիմա էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է որոշել խրախուսել բռնարարներին։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ համաձայն 1-ին հավելվածի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։ Հետ գնացինք լրահոսով՝ պարզելու, թե այս օրերին ԱԺ ՊՊԾ աշխատակիցներն ինչով են աչքի ընկել:

Պարզեցինք, որ նրանք, օրինակ, ԱԺ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, լրագրողների համար սահմանված օթյակից նրանց ապօրինաբար դուրս հանելով են զբաղված եղել, ինչպես նաեւ խոչընդոտել են ընդդիմադիր պատգամավորների մուտքը իրենց աշխատավայր՝ Ազգային ժողով, դարձյալ հունիսի 12-ին։

Ահա, թե ինչի համար է Ալեն Սիմոնյանը որոշել խրախուսել ՊՊԾ աշխատակիցներին, որպեսզի մյուս անգամ ավելի մեծ ոգեւորությամբ նրանք պաշտպանեն ՔՊ-ական, ինչպես ասվում է, «դավաճան» իշխանություններին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 02․ 07․ 24 թ համարում։