«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունիսի 20-ին։ Մինչեւ փոխնախարար դառնալը՝ Պողոսյանը 2019 թվականի մարտից մինչեւ դեկտեմբեր եղել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականը, ապա 2019-2022 թվականներին՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։ Պողոսյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատվեց այն բանից հետո, երբ վերահսկողության վարչությունը սկսեց ստուգումներ իրականացնել Կենտրոնի թաղապետարանում։ Քաղաքապետարանից դեռ այն ժամանակ այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել էին, որ սա պարզապես ստուգում է, այնինչ այն վատ ավարտ ունեցավ Ավետ Պողոսյանի համար։ Վատ ավարտ, սակայն նոր եւ ավելի յուղալի պաշտոնի սկիզբ։
Այսպիսով՝ ուսումնասիրենք այժմ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանի ունեցվածքը։ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Պողոսյանը չի հայտարարագրել որեւէ անշարժ գույք, սակայն տրանսպորտային միջոցների հարցում շռայլ է գտնվել։
Պողոսյանը 2023 թվականի տարեսկզբին ունեցել է մեկ՝ 1980 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, տվյալ տարվա ընթացքում ձեռք է բերել 2 ավտոմեքենա 2 մլն դրամ արժողությամբ, 2005 թվականի արտադրության, PORSCHE մակնիշի մեքենա եւ 18 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2019 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա, որը ներկրված է եղել ԱՄՆ-ից։ Տվյալ տարվա ընթացքում փոխնախարարը 2 մլն դրամով վաճառել է PORSCHE մակնիշի մեքենան, արդյունքում՝ տարեվերջում ունեցել է 2 մեքենա՝ KIA եւ VAZ մակնիշների։
Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 25 մլն 977 հազար դրամ, որը, ըստ երևույթին հիփոթեք է, քանի որ Պողոսյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 160 հազար դրամ եկամուտ, ըստ այդմ՝ այն եկամտահարկի վերադարձի օրենքով է տրվել, սակայն Պողոսյանը ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնում հիփոթեքի մասին ոչինչ չի հայտարարագրել։
Փոխնախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 15 հազար դոլար։
Փոխնախարար Ավետ Պողոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 676 հազար դրամ, որից 2 մլն դրամը մեքենայի վաճառքից գոյացած գումարն է, իսկ 14 մլն 516 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Հավելենք, որ Ավետ Պողոսյանը Կենտրոն վարչական շրջանի հաջողություն չունեցած ղեկավարներից է, որի չարածներով նրան ավելի լավ են ճանաչում, քան արած գործերով։ Հիմա էլ փոխնախարարի պաշտոնում նրան չենք տեսնում ելույթներ ունենալիս»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։