«Հրապարակ»-ը գրում է․ «Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանությունը ցուցարարների վրա հատուկ միջոցներ կիրառեց․ նետել էին 2 տեսակի լուսաձայնային նռնակ՝ ռուսական արտադրության «Զարյա 2» եւ «Զարյա 3»։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է. ««Զարյա 3» տեսակի նռնակի կիրառությունն արգելված է եղել մինչեւ 2018 թվականը, այսինքն՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ 2018-ի իշխանափոխության օրերին ոստիկանությունը կիրառել է «Զարյա 2» տեսակի լուսաձայնային նռնակ»։ Երանոսյանը շեշտում է՝ հունիսի 12-ին ԱԺ շենքի տարածքում ցույց էին անում անզեն քաղաքացիներ, ուստի անհասկանալի է, թե ինչու որոշեցին ժողովրդի վրա նետել «Զարյա 3» տեսակի նռնակներ։ Ինչո՞ւ իշխանությունը չի հաշտվում այն իրողության հետ, որ հանրահավաք անելը մարդկանց սահմանադրական իրավունքն է, եւ ինչո՞ւ իրավապահները նռնակ նետելու եւ մարդկանց արյունլվիկ անելու փոխարեն ցույցը ցրելու այլ միջոցներ, օրինակ, ջրցան մեքենա չեն կիրառում։
«Ջրցան մեքենան ավելի թույլ միջոց է համարվում, իսկ նրանց պետք էր ավելի ծանր դեպք՝ ժողովրդին վախեցնելու համար։ Ամառվա շոգին ջրցան մեքենան ի՞նչ է, ժողովուրդը կհովանար։ Հարց է առաջանում՝ առողջապահության նախարարությունը ո՞ր թվականին է թույլ տվել ժողովրդի վրա «Զարյա 3» տեսակի նռնակ օգտագործել` դրա կիրառությունը չի կարելի։ Դրա օգտագործման հետեւանքը տեսանք Բաղրամյանում, մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, այն բեկորային վնասվածքներ կարող է առաջացնել։ Բացի այդ, հնարավոր է նաեւ, որ այդ նռնակները ժամկետանց են եղել։ Չի թույլատրվում ժամկետանց նռնակներ կիրառել, այն կարող է մարդուն մահվան հասցնել։ Եթե «Զարյա 2» լիներ, քաղաքացու դաստակը չէր կտրվի։ Մինչեւ հիմա չգիտեմ, թե «Զարյա 3»-ն ինչի համար է նախատեսված։ Առողջապահության նախարարությունն է սահմանում, թե որ դեպքում եւ ինչպես այն կարելի է կիրառել»,-նկատում է Երանոսյանը։ Ի դեպ, այդ մասին «Հրապարակը» հարցում է արել ՀՀ առողջապահության նախարարություն, դեռ պատասխանը չենք ստացել։
Պատմության մեջ որպես «արյունալի» իրադարձություն համարվող ՊՊԾ գնդի գրավման ժամանակ անգամ ոստիկանությունը կիրառել է «Զարյա 2», թեպետ, ըստ Երանոսյանի, այլ տեսակի հատուկ միջոցներ էլ են եղել, ոստիկանությունը որոշել է հանել դրանք կիրառությունից։ «Ինչո՞ւ ցուցարարների վրա «Զարյա 3» գցեցին, ի՞նչ էին արել անզեն քաղաքացիները, մարտաբո՞յ է` թո՛ղ մարտաբոյ տան, վզներն են մենակ հաստացրել»,- զայրանում է նախկին հրամանատարը։