Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»


Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»
Հունիս 15 09:50 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր մեղքն այն է եղել, որ դեռևս 2018-ին չի եկել ու թեկուզ ԱԺ դռնփակ նիստով հայտարարել, թե պետք է համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Նա նույնիսկ ասաց, թե ինքը դա համարում է իր ամենամեծ ձախողումը, այս, այն: Շատերն շտապեցին նշել, որ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց կամ «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց՝ այսպես ասած: Իրականում սա առաջին անգամ չէ, որ Փաշինյանն «ինքնախոստովանական ցուցմունք» է տալիս ու՝ ոչ միայն նշված առանցքային հարցի վերաբերյալ: Էլի են նման դեպքեր եղել: Երկրորդ՝ առաջին անգամ չէ, որ Փաշինյանն ասում է գրեթե այս նույն բանը:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Փաշինյանի այս «ինքնախոստովանական ցուցմունքը» կարևոր է, ինչ խոսք: Սակայն ԱԺ ամբիոնից նրա այս ծեքծեքումները նույնքան, իսկ միգուցե շատ ավելի կեղծավոր են ու «մանիպուլ յացիոն», ինչպես պատերազմի զոհերի շիրմաքարերին նրա խոնարհումները՝ զուտ տեսախցիկների համար արվող: Սա շատ նման է այն «խորամանկությանը», երբ ծանր հանցագործություն կատարած մեկը խոստովանում է այլ՝ մանր հանցագործությունը, որը գուցե նույնիսկ չի էլ կատարել, որպեսզի կոծկվի այն մեծը:

Տեսեք, նույն 2018-ին նույն Փաշինյանը, երբ հայտնի իրադարձությունների հետևանքով հայտնվեց պետության ղեկին, եղան բանիմաց մարդիկ, որոնք համարձակություն ունեցան հայտարարելու՝ Փաշինյանն իշխանության է եկել (բերվել) Արցախը թշնամուն հանձնելու համար: Ինքը՝ Փաշինյանը, կհիշեք, 2018-ի օգոստոսի 17-ի ելույթում կուրծք էր ծեծում և կոկորդ պատռում, թե՝ «ժողովո՜ւրդ, ինձ վարկաբեկո՜ւմ են, ես իսկի բանակցություն դեռ չեմ վարել..., ժողովո՜ւրդ, առանց ձեր ասելու բան չի որոշվելո՜ւ...»:

Հետո, երբ նա վերելակներում սկսեց Ալիևի հետ ինչ-որ բաներ պայմանավորվել՝ կազմաքանդելով ձևավորված բանակցային ձևաչափերը, էլի ոչինչ չէր ասում այն մասին, ինչը, փաստորեն, գիտեր 2018-ի մայիսի 15-ից առնվազն:

Հետո՝ 2019-ի ամռանը, Ստեփանակերտի կենտրոնում հազարավոր արցախցիների ներկայությամբ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա բղավում էր մեկը, որը հիմա հայտարարում է, թե իր սխալն այն է, որ 2018-ին բացեիբաց չի ասել, որ Արցախը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմում:

Հետո նա, կհիշեք, իրեն հարցեր տվողների վրա փաշինյանաբար բղավում էր, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Ու էլի՝ ոչինչ չէր ասում Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու, Արցախն ուրանալու մասին: Հետո պատերազմ «դասավորվեց»: Հետո 44 օր «հաղթում ենք»-ով ազգին ֆռռացրած Փաշինյանը կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրեց:

Բայց նույնիսկ դրանից հետո՝ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, ապա նաև՝ իր ինքնավերարտադրված իշխանության կառավարության գործունեության ծրագրում ասում էր՝ «անջատում՝ հանուն փրկության», «Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում»: Ոչ մի խոսք՝ Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:

Պարզվեց, Փաշինյանն այդ արտահայտությունը՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին, պահում-փայփայում էր՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Էրդողանին ու Ալիևին ասելու, Մակրոնի ու Շառլի լսելու համար:

Իրականում նախօրեին էլի կեղծում էր. Փաշինյանն ինքը առնվազն 90-ականների վերջերից սկսած Արցախը միշտ էլ համարել է ադրբեջանական, ու այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Իսկ այս վերջին «ինքնախոստովանական ցուցմունքն» իսկապես էլ կարևոր է: Այն առումներով, որ ոչինչ էլ նրա «ջեբը չեն գցել», որ «խեղճ միամիտը» ամեն ինչ հրաշալի գիտակցել ու իմացել է, որ նա հիմնավորապես ու ի սկզբանե մոլորեցրել է իր կողմնակիցներին, որ կանխամտածված ու հետևողականորեն իրականացրել է Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանը կրախի առաջ կանգնեցնելու ծրագիր...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում