«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փաստաբանական, նոտարական համայնքներին հավելյալ հարկելու օրենսդրական փոփոխության նախագիծը թերեւս կմնա անփոփոխ եւ կներկայացվի հաջորդ շաբաթ մեկնարկվելիք նիստերի օրակարգում՝ երկրորդ ընթերցման։ Խոսքը փաստաբաններին, նոտարների ավելացված արժեքի հարկով հարկելու մասին է, որի նախագիծն անցած նիստերին ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ երկրորդ ընթերցումից առաջ աշխատանքային փակ քննարկում են անցկացրել, որին մասնակցել են նաեւ նոտարներ, մի խումբ փաստաբաններ՝ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ։
Մեզ պատմեցին՝ որքան էլ փաստաբանները ՔՊ-ականներին համոզել, բացատրել են, որ փոփոխությունից տուժելու են քաղաքացիները, քանի որ ավելանալու են փաստաբանական ծախսերը, եւ դա չի լինելու իշխանության օգտին, միեւնույն է՝ ՔՊ-ն չի նահանջել։ Պատրաստ են ընդառաջել փաստաբանների միայն այն առաջարկին, որ նոր ընդունվող փոփոխությունը չկիրառվի՝ հետադարձ ուժ չունենա այն շահառուների համար, որոնք մինչ այդ օրենքի ընդունումը պայմանագրեր են կնքել: Առաջարկ է եղել, որ չտարածվի անվճար ծառայությունների դեպքում, սակայն այդ առաջարկն էլ ՔՊ-ականների կողմից ո՛չ մերժում է ստացել, ո՛չ հաստատում: Ասել են` դա դժվար վերահսկելի կլինի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 08․ 06․ 24 թ համարում։