«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ հնարավոր իշխանափոխությունից հետո ամենևին էլ հեշտ չի լինելու, երևի թե շատ քչերին միայն պարզ չէ: Իրականության զգացողությունը պահպանած հայրենակիցները հստակ գիտակցում և իրենք իրենց հաշիվ են տալիս, որ ոչ միայն դյուրին չի լինելու Հայաստանն ավերակած Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, այլև շատ ավելի բարդ ու դժվար է լինելու դրանից հետո: Այդ «հետո»-ի վերաբերյալ նախօրեին որոշակի պատկերացումներ հրապարակայնացրեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ներկայացնելով «Անցումային կառավարության» գործառույթների վերաբերյալ պատկերացումների հիմնական թեզերը:
Ըստ այդմ, անցումային կառավարությունն ունենալու է 3 հիմնական գործառույթ.
1. Հաշտության կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում:
2. Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել:
3. Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը:
Ամեն ինչ հնարավորինս պարզ է, ընկալելի, բայց թե՛ այդ թեզերից յուրաքանչյուրը, թե՛ դրանց առանձին բաղադրիչներ, այսպես ասենք՝ փակագծերը բացելու կարիք ունեն: Հարկավ, հունիսի 9-ին հայտարարված հանրահավաքում Բագրատ Սրբազանն ու շարժման ղեկավար կազմ ընկալվող գործիչները, երևի թե, հնարավորինս կբացեն ակնարկյալ փակագծերը: Սակայն մինչ այդ էլ հնարավոր է պատկերացումներ ներկայացնել հռչակված թեզերից յուրաքանչյուրի վերաբերյալ, այդ թվում՝ հիմնվելով շարժման ընթացքում գլխավոր հարթակից հնչած հայտարարությունների, մոտեցումների վրա: Առաջինը ժամանակավոր կառավարության հարցն է:
Հասկանալի է, որ «արտահերթ իշխանափոխության» պարագայում դա ամենից տրամաբանական քայլը կարող է լինել: Իսկապես, հնարավոր իշխանափոխությունից կամ, ավելի ճիշտ, Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո ձևավորվելիք կառավարությունը պետք է լինի ժամանակավոր: Կարելի է այն անվանել «անցումային», «հաշտության», «ճգնաժամային», այլ տարբերակներ, բայց դրանից նրա ակնկալվող գործառույթներն ու տրամաբանությունն, ըստ էության, չեն փոխվում: Ամեն պարագայում, էականը ժամանակավոր կամ անցումային լինելն է այդ կառավարության: Տրամաբանական է, որ նման կառավարությունը գլխավորի այն գործիչը, որի առաջնորդությամբ հնարավոր դառնա իշխանությունից Փաշինյանի հեռացումը: Նմանապես տրամաբանական է, որ այդ կառավարությունը ձևավորվի՝ ներկայացնելով ցանկությունները այն շրջանակների, որոնք անմիջականորեն ներգրավվել են այդ պայքարում:
Բայց մյուս կողմից՝ դա պետք է լինի «մասնագետների կառավարություն» կամ, ինչպես սիրում են ասել քաղաքագետները, տեխնոկրատ կառավարություն, զերծ զուտ կուսակցական կամ կոալիցիոն ռևերանսներից, քվոտավորումից ու նմանօրինակ դրսևորումներից: Հիմնականն այստեղ հաշտության պահն է. մեր հանրությանը՝ երկրի ներսում, և մեր ազգին՝ ի սփյուռս աշխարհի, այդ ներքին համերաշխությունն իսկապես էլ անհրաժեշտ է: Դա էական գործոն է՝ առկա ու հաջորդիվ ավելի սրվելիք մարտահրավերներին դիմակայելու համար: Իսկ դիմակայել հնարավոր է այն պարագայում, եթե մենք մոբիլիզացնենք մեր գլխավոր «ունեցվածքը», այն է՝ ազգային գիտական, մտավոր, տեխնիկական, մարդկային, կադրային բոլոր ռեսուրսները:
Կարևոր է և այն շեշտադրումը, որ հաշտությունը կարող է ու պետք է լինի արդարադատության պայմաններում. այսինքն՝ ավերակումների համար կոնկրետ մարդիկ և շրջանակներ պետք է կրեն քաղաքական պատասխանատվություն, իսկ որոշակի դեպքերում, օրենքի պահանջներին համապատասխան, պետք է կրեն նաև քրեական պատասխանատվություն: Մյուս կողմից՝ որքան էլ քիչ է խոսվում այդ մասին, բայց երևի բոլորն էլ հասկանում են, որ անցումային կառավարության առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի երկրի տնտեսական վիճակի կայունացումը, սոցիալ-տնտեսական առողջացումը կամ առնվազն կայունացումը, տնտեսության առանցքային ուղղություններով որոշակի բարելավումը, ամենից կարևորը՝ պետության պաշտպանունակության աստիճանի բարձրացումը, բանակի վերազինումն ու մարտունակության վերականգնումը:
Տվյալ դեպքում «հաշտության կառավարություն» ասվածը կարելի է դիտարկել ոչ թե որպես գործառույթ, այլ առաքելություն: Ինչ վերաբերում է երկրորդ կետին՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա առաջին հերթին դա, բնականաբար, վերաբերում է մեր ավանդական ու բնական դաշնակիցներին, բարեկամներին, որոնք են Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոշակի առումով՝ մեր տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող Չինաստանը, Հնդկաստանը: Բայց միաժամանակ պետք է պահպանել գործընկերային հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի հետ: Իրավիճակն այնպիսին է, որ Վրաստանի հետ փոխհամաձայնեցված քայլերի դեպքում հնարավոր է տարածաշրջանում հասնել որոշակի հավասարակշռության՝ առնվազն այս փուլում խուսափելով համատարած թրքացման ու թյուրքական էքսպանսիայի գոյաբանական սպառնալիքից:
Հատկապես բարդ է լինելու Ռուսաստանի հետ փաշինյանական իշխանության փլուզած հարաբերությունների կարգավորումը: Բայց դա անհնար չէ: Համենայն դեպս, կան որոշակի հնարավորություններ՝ խելամիտ և արտաքին գործընկերների համար ընկալելի քաղաքականություն վարելու դեպքում հասնել որոշակի արդյունքների՝ նպատակակետ ունենալով սեփական երկրի անվտանգության ապահովումն ու տարածաշրջանային կայունությունը: Ինչ վերաբերում է «անցումային կառավարության» համար նշված երրորդ կետին՝ ընտրություններ նախապատրաստելուն՝ դրանց չմասնակցելու պայմանով, ապա դա առանցքային պահ է, որը, կարծում ենք, ընդունելի է քաղաքական դաշտի համար:
Ավելին, ի սկզբանե նման հատուկ շեշտադրում անելը, կարծում ենք, լրացուցիչ ընդգծումն է այն բանի, որը Բագրատ Սրբազանը նշում է նաև որպես «չակնկալիք», այսինքն՝ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն առաջնորդողների նպատակը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ պետությունը պահպանելը և այն կայուն ու բնականոն ընթացքի հուն վերադարձնելը: Անցումային կառավարության չմասնակցությունը ընտրություններին թույլ կտա վերջապես ունենալ արդար ընտրություններ՝ զերծ վարչական ռեսուրսների կիրառումից: Այդ դեպքում, ում կընտրի ժողովուրդը, ուրեմն նա էլ կկառավարի երկիրը...