Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանուն


Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանուն
Հունիս 4 22:32 2024

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվել էր Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Յան Մլակարը։

Մինչև ընդմիջում սլովենացիները 1-2 գոլային պահ ունեցան, սակայն լավ գործեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ Մեր հավաքականն այնքան էլ ակտիվ չէր առաջին խաղակեսում։

Երկրորդ խաղակեսի հենց սկզբից Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մեծ ճնշում գործադրեց մրցակցի վրա։ Մի քանի լավ պահեր չօգտագործելուց հետո մեր ընտրանին 56-րդ րոպեին անկյունայինի իրավունք վաստակեց։ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

7 րոպե անց տանտերերին առաջ մղեց Յոսիպ Իլիչը, որն աչքի ընկավ փոխարինման մտնելուց 4 րոպե անց։
67-րդ րոպեին Էդգար Սևիկյանին ու Արթուր Սերոբյանին փոխարինեցին Վահան Բիչախչյանն ու Ժիրայր Շաղոյանը։

Հանդիպման մնացած հատվածում մեր ընտրանին շատ ակտիվ էր և մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր էր ստեղծում։

73-րդ րոպեին փոխարինման մտավ «Ուրարտուի» կիսապաշտպան Գևորգ Տարախչյանը, որը նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Արտակ Դաշյանին էլ փոխարինեց «Փյունիկում» իր թիմակից Հովհաննես Հարությունյանը։

78-րդ րոպեին Էդգար Գրիգորյանը փոխարինեց Նաիր Թիկնիզյանին, իսկ Դավիդ Դավիդյանը՝ Կամո Հովհաննիսյանին։

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 7-ին։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին։