Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։
Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչները կապ են հաստատել մարզիկի շրջապատի հետ, սակայն 16-ամյա մարզիկը որոշել է մնալ Ռուսաստանի հավաքականում։
Սակայն Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից TACC-ին հայտնել են, որ իրենք Ռուսաստանի չեմպիոն Ադելյա Պետրոսյանին չեն առաջարկել փոխել մարզական քաղաքացիությունը։
«Շատ կուզենայինք, բայց նման տեղեկություն չկա, դա ամենևին էլ ճիշտ չէ»,- ասել են Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից։
Պետրոսյանը մարզվում է Էթերի Թութբերիձեի խմբում։
Անցած մրցաշրջանում նա հաղթեց ազգային առաջնությունում (առաջ անցնելով Սոֆյա Մուրավյովայից և Կամիլա Վալիևայից, որոնց արդյունքը հետագայում չեղարկվեց CAS-ի որակազրկման պատճառով) և Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչում։
Ռուս գեղասահորդները 2022 թվականի մարտից զրկված են միջազգային մրցումների մասնակցությունից։