Ի վերջո, ինչո՞ւ Վեհափառը Սարդարապատ չայցելեց առավոտյան․ «Հրապարակ»


Ի վերջո, ինչո՞ւ Վեհափառը Սարդարապատ չայցելեց առավոտյան․ «Հրապարակ»
Հունիս 1 10:36 2024

«Հրապարակ» թերթը գրել է. 

Սարդարապատում մայիսի 28-ի միջադեպը, երբ ոստիկանական պատով արգելափակեցին Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, շարունակում է քաղաքական-հասարակական քննարկումների կիզակետում մնալ։ Այն, որ կատարվածը չի ենթարկվում որեւէ ողջախոհ բացատրության, անկասկած է, բայց, մյուս կողմից, կան բազում հարցեր, որոնք մինչ օրս պատասխան չեն ստացել։ Ի վերջո, ինչո՞ւ Վեհափառը որոշեց կեսօրից հետո այցելել հուշահամալիր՝ այն պահին, երբ նաեւ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական էլիտան էին այնտեղ, եւ երբ Սարդարապատից հեռացել էին շարժման մասնակիցները՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, ովքեր գիշերն անցկացրել էին Սարդարապատի հուշահամալիրում, առավոտյան նշել Հանրապետության օրը ու կեսօրին մոտ հեռացել։

Ինչո՞ւ Վեհափառն իր այցը չկազմակերպեց առավոտյան՝ դրանով նաեւ աջակցելով Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը եւ հանրային ընդվզումին: Ի վերջո՝ ժողովրդի մի հսկա զանգված մասնակցում է այդ շարժմանը, կիսում սրբազանի առաջ քաշած գաղափարներն ու պահանջները եւ դեմ է գործող ռեժիմին։ Չէ՞ որ շատ ավելի տրամաբանական կլիներ, որ Վեհափառը Սարդարապատ այցելեր առավոտյան, երբ դեռ ժողովուրդն այնտեղ էր: Հատկապես որ, արարողակարգի համաձայն, պետական պաշտոնյաների եւ այլ բարձրաստիճան անձանց այցելությունները, միջոցառումները, որպես կանոն, մշտապես կատարվել են առավոտյան ժամը 9-10-ին: Եթե Նիկոլ Փաշինյանը վախենում էր ժողովրդի հետ առերեսվելուց եւ դրա համար էր անսպասելի այցելության ժամ փոխում ու առանց հայտարարելու այցելում Սարդարապատ, ինչո՞ւ էր դա անում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը: Այս հարցերը տարատեսակ քննարկումների, վարկածների առիթ են տվել: Ոմանք կարծում են, որ եկեղեցին միտումնավոր է տարանջատվել համաժողովրդական շարժումից՝ ցույց տալով, որ չի աջակցում սրբազան պայքարին: Այսինքն, մեկ քայլ Բագրատ սրբազանի ծառայությունը կասեցնելն էր, երկրորդը` Սարդարապատ ուշ ժամին այցելելը: Մանավանդ որ Փաշինյանի հրահանգով նման նվաստացման արժանանալուց հետո էլ Վեհափառը մեծ վրդովմունք չհայտնեց ու կոչով հանդես չեկավ, իսկ հոգեւոր դասից արդեն գրեթե չեն միանում ժողովրդին, որը դեպքի հաջորդ օրը մի քանի ժամով շրջափակել էր ՆԳ նախարարության շենքը։ 

Կառավարության եւ Մայր Աթոռի հայտնած պաշտոնական դիրքորոշումների համադրումից կարելի է ենթադրել, որ կաթողիկոսը նախապես ճշտել է, թե երբ այցելի Սարդարապատ, եւ գուցե ժամը պատահականորեն չի ընտրվել, այլ հատուկ է հարմարեցվել Փաշինյանի այցին։ 

Հիշեցնենք, որ միջադեպից մեկ օր անց վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խորհրդարանում հայտարարեց, որ Վեհափառ հայրապետը պետական արարողակարգին մասնակցելու հրավեր չի ունեցել, իրենք էլ տեղեկություն չեն ունեցել, որ նա դա ակնկալում էր։ «Երբ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ոստիկանությունը փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների եւ իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող եւ սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ, եւ երբ ստացել են հավաստիացումներ, որ այն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Իսկ եկեղեցուց պարզաբանել են․ «Հարկ եմ համարում տեղեկացնել նաեւ, որ պետական արարողակարգի պատասխանատուին, անհրաժեշտ ճշտումներ կատարելիս, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանի կողմից տեղեկացվել է Սուրբ Պատարագի եւ Հանրապետության համար մատուցվող մաղթանքի ավարտին Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի այցի ժամի մասին։ Ուստի Սարդարապատում տեղի ունեցածն իշխանությունների կազմակերպած սադրանքն էր»։

Ահա, այս անորոշ հայտարարությունից էլ ոմանք եզրակացրել են, որ Վեհափառն իր քայլով փորձել է մեղմել իշխանությունների եւ եկեղեցու միջեւ ձեւավորված թշնամանքը. մի կողմից, տարանջատվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից»՝ ցույց տալով, որ պայքարի կառավարիչը ոչ թե եկեղեցին է, այլ Բագրատ սրբազան անձը, մյուս կողմից` գուցե հաշվարկը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանը կօգտվի առիթից եւ նրան ընդառաջ կգնա` տոնական օրը հաշտության ձեռք մեկնելով: Սակայն ՀԱԵ ղեկավարությունը հաշվի չի առել դիմացինի անձնական որակները եւ իր հետ առճակատման գնացած անձանց հանդեպ ունեցած աննահանջ թշնամանքը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում