«Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում. «Ժողովուրդ»


«Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում. «Ժողովուրդ»
Մայիս 31 09:29 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր օրերում զարմանալու թերեւս քիչ բան կա: Պարզվում է, սակայն, որ ՀՀ գործող իշխանությունների սիրելի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը գնում է ավելի հեռուն ու անցնում է երեւակայության հնարավոր բոլոր սահմանները:

Ըստ էության, սենսացիոն բան կարող է տեղի ունենալ՝ Հայաստանի նորընծա չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որ խաղալու է Չեմպիոնների լիգայում ու վստահաբար հավաքելու է հազարավոր ֆուտբոլասերների, երկրից դուրս պիտի գա: Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակավ հայտնել է, որ կարող է խաղալ Թբիլիսիի «Դինամոյի» մարզադաշտում: Ըստ վերջինիս՝ պատճառը ֆեդերացիայի կողմից «Փյունիկ»-ի՝ միջազգային խաղերի համար Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը չտրամադրելն է, դրա փոխարեն Երեւանից դուրս փոքր մարզադաշտեր առաջարկելը, ինչը հնարավորություն չի տա բազմահազար մարզասերների գալ խաղերը դիտելու: Գումարած սրան՝ «Փյունիկը» չունի նաեւ մարզվելու տեղ, դաշտեր, որոնք կունենա Վրաստանում: Փաստորեն, ֆեդերացիան ոչ միայն չի տրամադրում կենտրոնական մարզադաշտը, այլեւ զրկում է թիմին միջազգային խաղերից առաջ մարզվելու բավարար պայմաններից: Տարօրինակն այն է, որ երկար ժամանակ խորացող «Փյունիկ»-ՀՖՖ կոնֆլիկտն այսպիսով տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն, ու առաջացնելու է տասնյակ հազարավոր հայ երկրպագուների զայրույթը ու ներիշխանական լարված իրավիճակում կարող է պայթյունի տանել:

Ի դեպ, Հայաստանի առաջնության նախավերջին տուրի որոշիչ՝ «Փյունիկ»-«Նոա» խաղը տեղի էր ունենում Երեւանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, որը տեղավորում է ընդամենը 1200-ից մի փոքր ավելի մարդ: Խաղը խիստ հետաքրքրական էր, սակայն հավաքվածների հսկայական բանակ մնացել էր դրսում, ու մարդկանց կյանքին ուղղակի վտանգ էր սպառնում. խաղադաշտից հաճախ հնչում էր կոչ-խնդրանք, որ մարդիկ իջնեն մարզադաշտի հարակից բարձունքից, քանզի այնտեղով բարձր լարման հոսանք էր անցնում. իսկ հազարավոր հավաքվածների մեջ մեծ թվով երեխաներ ու պատանիներ էին:

Հ.Գ. Երեւանի «Փյունիկ»-ը հանդիսանում է Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը, եւ այս տարի չեմպիոն են դարձել ոչ միայն գլխավոր ու աղջիկների, այլեւ տարբեր տարիքի մարզիկների թիմեր. այս ակումբում մարզվում են շուրջ 1800 երեխաներ ու պատանիներ: Հույս ունենանք, որ հնարավոր կլինի կոմպրոմիսի գալ ու փրկել հայկական ֆուտբոլի հեղինակությունը վերջնական զրոյացումից: Մեղմ ասած՝ ամոթ կլինի, որ չեմպիոնը խաղա օտար հողի վրա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: