Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ Դավիթ Մինասյանի հրաժարականից հետո կառաջադրվի «Ապրելու երկիր» կուսակցությունից Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը. «Ժողովուրդ»


Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ Դավիթ Մինասյանի հրաժարականից հետո կառաջադրվի «Ապրելու երկիր» կուսակցությունից Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը. «Ժողովուրդ»
Մայիս 31 08:29 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել, և այս հրաժարականը ևս «Քաղաքացիակսն պայմանագիր» կուսակցության կոկորդին դարձավ ոսկոր։

2021 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ՝ 4637 քվե ստացած «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսել։ Հենց այս խայտառակ իրավիճակից խուսափելու համար Մինասյանը հրաժարական ներկայացրեց՝ առանց սև բծերի պաշտոնից հեռանալու համար։ Նրա հրաժարականից ժամեր առաջ էր, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ևս մեկ անկախ ավագանու անդամ՝ 11 հոգի, իմպինչմենտի գործընթացի նախաձեռնության փաստաթղթերն արդեն հանձնել էին համայնքի աշխատակազմ։

Դավիթ Մինասյանը համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ի հետ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությամբ դաշինք կազմելու շնորհիվ։
ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» խմբակցությունը ՏԻՄ-ում ներքին պայմանավորվածություն ունեին. 2,5 տարի կղեկավարի Դավիթ Մինասյանը, 2,5 տարի՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Մինասյանի հրաժարականից հետո իրավիճակը սրվել է։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Փարաքար համայնքի ավագանու նիստում կկայանա նաև Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունը։ «Ապրելու երկրի» համայնքի ղեկավարի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, իսկ ՔՊ խմբակցությանը՝ կրկին Լյուդվիգ Գյուլնազարյանը։

ՔՊ համայնքապետին անվստահություն հայտնած անկախ ավագանին Էմին Երիցյանն է, որի շնորհիվ «Ապրելու երկիրը» ստացավ մեծամասնության ստորագրությունը՝ անվստահություն հայտնելու համար։ Սակայն, ժամ առ ժամ իրավիճակը կարող է փոխվել, քանի որ իշխանությունը, ինչպես միշտ, իր ուզածին հասնելու համար ճնշումներ կարող է սկսել գործադրել ավագանու ընդդիմադիր անդամների վրա։

Հարցական է, թե մինչ բուն ընտրությունների ընթացքն ինչ կփոխվի ավագանու ներսում։ Հարցական է՝ Երիցյանը մինչև վերջ կմնա՞ «Ապրելու երկիր» կուսակցության կողքին, թե՞ իշխանական գայթակղություններին կտրվի: Նրա սկզբունքայնության թեստը «հանձնելուն» ժամանակ դեռ կա»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 31․ 05․ 24 թ համարում։