ՆԳ նախարարը կհեռանա՞․ «Հրապարակ»


ՆԳ նախարարը կհեռանա՞․ «Հրապարակ»
Մայիս 30 08:28 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի փոխարեն երեկ ԱԺ բյուջետային քննարկումներին ներկայացած փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրինք՝ ինքը ՆԳՆ շենքի՞ց է եկել խորհրդարան, եթե այո, ապա ինչպե՞ս է ճեղքել սրբազան պայքարի մասնակիցների շարքերը, որոնք վաղ առավոտից շրջափակել էին ՆԳՆ շենքը եւ Վահե Ղազարյանի հետ հանդիպում էին պահանջում։ Ի դեպ, հենց այդ պատճառով էլ ՆԳ նախարարը չեկավ խորհրդարան, թեեւ նախապես ծրագրված էր, որ համակարգի ղեկավարն է ներկայացնելու իրենց հաշվետվությունը: Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ ՆԳ շենքից է դուրս եկել: Ինչպե՞ս` հետնամուտքո՞վ։ «Հետնամուտք չկա, մի մուտք է»,- փոխնախարարի փոխարեն պատասխանեց նրան ուղեկցող պաշտոնյան։

Իրականում փոխնախարարը հետնամուտքից է դուրս եկել, եւ դա է պատճառը, որ նրան ոչ մեկը չի նկատել: Նույնկերպ կարող էր վարվել նաեւ նախարար Վահե Ղազարյանը, սակայն նա նախընտրել է այդ պատրվակով ԱԺ չգալ: Կա՛մ իսկապես նրա օրերը հաշված են, եւ նա հեռանում է համակարգից, կա՛մ իսկապես որոշակի ապրումներ ունի վերջին իրադարձությունների, իր հայրենի Տավուշից հող հանձնելու կապակցությամբ: Ըստ որոշ լուրերի, նա մի քանի անգամ ցանկացել է դիմում գրել հեռանալ, Փաշինյանի հորդորով հետ է կանգնել մտադրությունից։ Սակայն լուրեր կան, որ Փաշինյանն էլ է հակված նրան փոխարինելու, անգամ ապագա պաշտոնն են նշում` Պետական պահպանության ծառայության ղեկավար, ինչը պաշտոնաթող անելուն համազոր է: Հայտնի է, որ ոստիկանական բռնի գործողությունները համակարգում են ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։

Ճի՞շտ է, որ Դուք եք համակարգում հակաիշխանական ցույցերի մասնակիցների դեմ վայրագությունները․ այս հարցին Սարգսյանը նետեց` ստահոդ լուրերին չեմ պատասխանում։ Ի՞նչն է ստահոդ, որ Դո՞ւք եք ղեկավարում, թե՞ որ վայրագություններ չկան: Հարցը մնաց անարձագանք։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30․ 05․ 24 թ համարում։