Բագրատ Սրբազանի Շարժումն անհանգստացրե՞լ է Բաքվին. «Հրապարակ»


Բագրատ Սրբազանի Շարժումն անհանգստացրե՞լ է Բաքվին. «Հրապարակ»
Մայիս 25 09:55 2024

«Հրապարակը» գրում է. «Ադրբեջանում ուշիուշով հետեւում են Հայաստանում ծավալվող իրողություններին, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Բագրատ սրբազանի եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումներին, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է մեծագույն հրճվանքով։ Oxu.az-ի հետ զրույցում Ֆուադ Աբասովը Բագրատ սրբազանին անվանել է քահանա Գալստանյան եւ նշել, որ Նիկոլ Փաշինյանին չի անհանգստացնում այս շարժումը, քանի որ դրսից ունի աջակցություն: Նա ՔՊ-ականների թեզերն է կրկնել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ուղղորդվում է ռուսական կողմից, իսկ ՀՀ իշխանություններին աջակցում է Արեւմուտքը։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, մեզ հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կայքերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եւ Բագրատ սրբազանի մասին հրապարակումների նույնականությանը ՔՊ-ականների առաջ քաշած թեզերի հետ, ասում է. «Ամբողջությամբ նույն թեզերն են, բացարձակ նույն թեզերն են։ Այն, ինչ այստեղ հրամցնում է իշխանական քարոզչությունը, մեկը մեկին ադրբեջանականում է… Փորձում են ամեն գնով Հայաստանի ներկայիս իշխանություններին պաշտպանել եւ հնարավորինս աջակցել քարոզչական դաշտում իրենց գործընկերներին»։