«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հինգշաբթի օրը ՔՊ Նախաձեռնող խմբի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ավելի քան մեկ ժամ ուշացումով: Ասել է, թե ինչ-որ հանդիպման էր, սակայն ՔՊ-ականները կարծում են, որ պատճառն այլ է` նա մտավախություն է ունեցել, որ «սրբազան շարժման» առաջնորդները մարդկանց կհորդորեն պաշարել ՔՊ գրասենյակի շենքը, քանի որ շատերին է հայտնի, որ ամեն հինգշաբթի նիստ են անում: Ապա նա միայն ֆիզիկական ներկայություն է ապահովել` անհաղորդ քննարկվող թեմաներին, որոնք վերաբերել են Երեւանի խնդիրներին։ ՔՊ-ականները նկատել են նաեւ, որ Փաշինյանը վերջին շաբաթներին փորձում է պահել թիմի միասնականությունը` կոնֆլիկտներ չի հրահրում, նկատողություններ չի անում, հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի: Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն հայտնել կարմիր գծերի վարձավճարների շեշտակի թանկացումից՝ ասելով, որ իրենց նպատակին հասել են․ քաղաքի կենտրոնը 10 տոկոսով բեռնաթափվել է, գանձվող հասույթը՝ 3 անգամ մեծացել: Բեռնաթափման հետ շատերը չեն համաձայնել։
Ավտոբուսների վարորդների գործադուլի հետ կապված ասել է, որ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Անդրանիկ Մանուկյանը եւ վարորդները միլիարդներ են «գողացել», ղեկավարի փոփոխությունից հետո, ինչն էլ գործադուլի պատճառն էր, օրական 4 մլն դրամ ավել գումար է մուտք եղել Երեւանի բյուջե։ Ասել է` գերխնդիր են մնում աղբահանության եւ փողոցների փոսալցման հարցերը։ Եվ շեշտել է, որ այդ աշխատանքներն իրականացնող ընկերությունը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ է փոխկապակցված: ՔՊ-ականները ենթադրել են, որ «ասֆալտի կարկատանների» յուղոտ գործը Բեգլարյանին են վստահել` որպես փոխհատուցում ընտրությունների ժամանակ ցուցաբերած աջակցության։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․ 05․ 24 թ համարում։