«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին կանչել են քննչական կոմիտե. «Ժողովուրդ»


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին կանչել են քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
Մայիս 22 09:21 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, սակայն վերջինս չի ներկայացել քննչական կոմիտե՝ նշելով, որ ծանրաբեռնված է ու չի կարող ներկայանալ։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին բռնության ենթարկելու դեպքով։ Տեղեկացնենք, որ Գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Արթուր Խաչատրյանը եւ հայտնել. «Ինչպես հավանաբար տեղյակ եք, ուրբաթ օրը՝ ապրիլի 27-ին, Երեւան-Սեւան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով եւ սադրելով լարված իրավիճակը՝ իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից եւ ոստիկանական մեքենայով, չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։ Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր եւ չէր ներկայացել։

Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու եւ բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են։ Այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, «ոստիկանապետության» ամենացցուն դրսեւորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս՝ խախտելու երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։ Այլապես, այսօրվա իշխանություններին էլ ավելի բարդ կլինի հերքել, որ ոստիկանական ապօրինությունները կատարվում են իրենց անմիջական հրամանով»,- գրել էր պատգամավորը:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: