Վարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառով


Վարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառով
Մայիս 14 17:19 2024

«Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի եզրափակչում մայիսի 12-ին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է «Ուրարտուին» և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Հայաստանի գավաթը: Հանդիպումից հետո նորընծա գավաթակիր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չի ներկայացել պարգևատրման արարողությանը:

ArmSport-ի տեղեկություններով, Վարդան Մինասյանն ու իր օգնական Արթուր Մկրտչյանը չեն վերցրել իրենց հասանելիք մեդալները ՀՖՖ ղեկավարության հետ առաջացած տարաձայնության պատճառով: Մարզիչներն  ավելի ուշ  տեխնիկական գոտուց միացել են թիմի ֆուտբոլիստներին՝ մասնակցելով տոնակատարությանը:

Ըստ ArmSport-ի տեղեկությունների՝ ՀՖՖ-ում կարող են կոշտ արձագանքել այս միջադեպին: Մասնավորապես, վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ ՀՖՖ-ն մտադիր է Ավանի ակադեմիայի կեսն առանց վճարի՝ նվիրատվությամբ  տրամադրել «Արարատ-Արմենիային»: Նշված միջադեպից հետո, սակայն, գործընթացը կարող է սառեցվել:

Ավելին, «Արարատ-Արմենիան» «Նոայի» հետ մայիսի 16-ին կայանալիք «չեմպիոնական» խաղից առաջ կարող է զրկվել մարզվելու համար համապատասխան խաղադաշտ ունենալու հնարավորությունից: