Ես դեռ տիտղոսների ծարավ եմ Ինտերի հետ․ArmSport


Ես դեռ տիտղոսների ծարավ եմ Ինտերի հետ․ArmSport
Մայիս 14 15:09 2024

 

 

Իտալիայի առաջնությունում չեմպիոնական ինտրիգը դե ֆակտո ավարտվել էր գարնան սկզբին, երբ «Միլանը» սկսեց սայթաքել, իսկ «Յուվենտուսը» այնքան ուժեղ չէր դրանից օգտվելու համար։ Այս պարագայում «Ինտերին» ոչինչ չէր մնում, քան մեծացնել իր՝ առանց այն էլ հսկայական առավելությունը հետապնդողների նկատմամբ և ոսկե մեդալները նվաճել արդեն դե յուրե։ Որքան խորհրդանշական էր, որ չեմպիոնության հարցը վերջնականապես փակվեց Միլան քաղաքի դերբիում։

 

Այս և «Ինտերի» նախորդ հաղթանակներում իր հսկայական ներդրումն է ունեցել Հենրիխ Մխիթարյանը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագի համար սա եվրոպական կարիերայի առաջին չեմպիոնական տիտղոսն է, որին մենք՝ բոլորս սպասել ենք 11 տարի։

 

«Ինտերից» զատ, այս ժամանակահատվածում Հենրիխը կրել է Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և «Ռոմայի» մարզաշապիկները, նվաճել է տիտղոսներ, այդ թվում՝ եվրագավաթներ, բայց երկրի չեմպիոնությանն ամեն անգամ մի քայլ չի բավանակացրել։ Այս առիթով ArmSport-ի թղթակից Ռոբերտ Գասպարյանը բացառիկ հարցազրույց է վերցրել Հենրիխ Մխիթարյանից, որի ընթացքում մեր ֆուտբոլիստը պատմել է չեմպիոնական էմոցիաների, Սիմոնե Ինձագիի հետ աշխատանքի մանրամասների և 35 տարեկանում նման ֆանտաստիկ մարզավիճակ ունենալու գաղտնիքների մասին։

 

 — Հենրիխ, նախ թույլ տուր շնորհավորել քեզ երկար սպասված չեմպիոնության առիթով: Ի՞նչ էիր զգում այն պահին, երբ հնչեց սուլիչը:

 

Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Ասեմ, որ դեռ «Միլանի» հետ խաղից առաջ էր շատ-շատ խոսվում մեր՝ չեմպիոն դառնալու մասին, քանի որ ունեինք միավորների մեծ պաշար մրցակիցների նկատմամբ։ Ամենուրեք լսում էինք ««Ինտերն» արդեն չեմպիոն է, «Ինտերն» արդեն չեմպիոն է», բայց մենք մեզ դեռ չեմպիոն չէինք զգում։ Քանի որ գիտակցում էինք, որ առջևում դեռ 6 խաղ կա, և ամենավճռորոշը լինելու է հենց «Միլանի» դեմ խաղը։ Այդ հանդիպումից դեռ 2 ամիս առաջ ամբողջ թիմով մտածում էինք՝ արդյո՞ք հնարավոր կլինի, որ հենց այդ խաղը լինի չեմպիոնական, որպեսզի կարողանանք հենց նրանց դեմ խաղում առավելության հասնել ու չեմպիոն դառնալ։ Այդ խաղի վերջում, երբ հնչեց մրցավարի եզրափակիչ սուլիչը…չգիտեմ…մինչև հիմա չեմ կարողանում բնութագրել զգացմունքներս, ուրախությանս չափ ու սահման չկար։ Իհարկե, շատ ուրախ եմ, քանի որ սա յուրահատուկ չեմպիոնություն էր, քանի որ այն առաջինն էր իմ եվրոպական կարիերայում։ Այս տիտղոսը, բնականաբար, շատ յուրահատուկ տեղ կունենա իմ գավաթների պահարանում։

 

-Որքանով էր հեշտ հաղթահարել ճնշումը, երբ դեռ չեմպիոն չդարձած, ամենուրեք ասում էին, որ դուք չեմպիոն եք։

 

Փորձում էինք որքան հնարավոր է՝ չլսել դրսից եկող խոսակցությունները։ Այսինքն, մենք տրամադրվում էինք, մենք պատրաստվում էինք, մանրամասն վերլուծում էինք հակառակորդին ու պարզապես խաղում էինք մեր խաղը։ Մենք բոլորս էլ հասկանում էինք, որ դրսից եկող նմանատիպ խոսակցությունները կարող էին փչացնել կամ վատ անդրադառնալ թիմի մթնոլորտի վրա։ Մեր նպատակը միայն մեկն էր՝ մոռանալ ամեն ինչ ու խաղալ մեր ֆուտբոլը, ուշադրություն դարձնել միայն մեզ վրա։ Գիտեինք, բնականաբար, որ այդ բաղձալի պահն էլ կգա, դրա համար չէինք կենտրոնանում ու զուտ հաճույք էինք ստանում մեր խաղից։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։