«Յամալ» և «Ազով» նավերը, ինչպես նաև Սևաստոպոլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կապի կենտրոնը և ենթակառուցվածքային մի քանի օբյեկտներ, Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են։Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին։
«Պաշտպանության ուժերը հաջողությամբ խոցել են «Յամալ» և «Ազով» խոշոր դեսանտային նավերը, կապի կենտրոնը, ինչպես նաև Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ», - ասվում է Ուկրաինայի ԶՈւ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը հայտնել էր, որ ռուս զինվորականները հետ են մղել վերջին ժամանակներում ուկրաինական ամենազանգվածային հարձակումը Սևաստոպոլի վրա։