Հրապարակվել է Մոսկվայում ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվածների ցանկը


Հրապարակվել է Մոսկվայում ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվածների ցանկը
Մարտ 23 22:24 2024

Մոսկվայում ավելանում է ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը։ Վերջին տվյալները հրապարակել է Մարգարիտա Սիմոնյանը։ Ըստ այդմ, զոհվել է 143 մարդ։

Առողջապահության նախարարությունը հրապարակել է  տարբեր բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող քաղաքացիների ցանկը։ Ընդհանուր առմամաբ, տուժել է 140 մարդ, երեքն արդեն դուրս են գրվել։ Հայի ազգանունով անձինք ցուցակում չկան, սակայն կան անձը չպարզված կանայք։

Հազարավոր մարդիկ շտապում են տարբեր բուժհաստատություններ արյուն հանձնելու, որպեսզի այդ կերպ օգտակար լինեն տուժածներին։ Ռուսաստանում առնվազն արդեն երկու բանկ հայտարարել է ահաբեկչության հետևանքով զոհվածների վարկերը չեղարկելու մասին։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քմ։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։