Մարտի 19-ին ժամը 12:30-ի միջակայքում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Փրկարար ծառայությունը:
«Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ: Դեպքի վայր մեկնած փրկարարները վթարի մասնակից «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի:
Տուժածներ Բ. Ս.-ն (ծնված 1990 թ.), Տ. Մ.-ն (ծնված 1989 թ.), Զ. Գ.-ն (ծնված 1985 թ.), Խ. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ի. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Զ. Գ.-ի, Խ. Մ.-ի և Ի. Ա.-ի մահը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ողբերգական ելքով ևս մեկ վթար տեղի է ունեցել ժամը 05:40-ի սահմաններում. Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել էին «Opel» (վարորդ՝ Պ. Բ.) և «VAZ» (վարորդ՝ Կ. Գ. ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էին 4 քաղաքացու դի: Եվս մեկի վիճակը գնահատվում է ծանր: