8 միլիոն դրամ արժողությամբ գոլդ համարներով Lexus-ը Բաղրամյան պողոտայում բախվել է պատին. կա վիրավոր


8 միլիոն դրամ արժողությամբ գոլդ համարներով Lexus-ը Բաղրամյան պողոտայում բախվել է պատին. կա վիրավոր
Փետրվար 27 15:25 2024

Փետրվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Հարությունովը իր վարած Lexus մակնիշի 88 QQ 888 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի 50/5 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Արթուր Առաքելյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։