Երեկ՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Կարեն Գ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և 24-ամյա Արսեն Մ․-ի վարած մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։