Անցած գիշեր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոնական տրամադրություն էր: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրպագուները եկել էին դիմավորելու Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ դարձած Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին, Հայաստանի հավաքականին:
Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը Երեւան ժամանեց փետրվարի 16-ին 04:30-ին Բուխարեստ-Աթենք-Երեւան չվերթով: Չեմպիոններին եւ բրոնզե մեդալակրին դիմավորելու էին եկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ ներկայացուցիչներ, մարզասերներ, չեմպիոնների ծնողները, բարեկամներն ու ընկերները:
Արթուր Ալեքսանյանին «Զվարթնոցի» սպասասրահի աննկատ վայրում սպասում էր նրա մայրը: 7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած գյումրեցի ըմբիշը Բուխարեստում էր հոր, անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի հետ:
Մալխաս Ամոյանը մրցավայրում էր՝ հորեղբոր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի հետ: Մալխաս Ամոյանին մեծ ցնծությամբ դիմավորեցին նաեւ եզդիական համայնքի ներկայացուցիչները:
Չեմպիոններին դիմավորեցին ծափերով, դափնիներով, բայց առանց զուռնա-դհոլի: Արմեն Բաբալարյանը սպասասրահ դուրս եկավ Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում երրորդ տեղի համար արժանացած գավաթով:
Փետրվարի 12-14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոկսե, մեկ բրոնզե մեդալ:
7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական չեմպիոնը 97 կգ քաշայինների եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիեւի հետ եւ 6:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ:
Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մալխաս Ամոյանը (77 կգ): Եզրափակիչում աշխարհի չեմպիոնը 7:0 հաշվով հաղթեց թուրք Յուսուֆ Էմրե Բաշարին:
55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը: