Երևանում պայթել է Mitsubishi-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր, նրանք անցնում էին մի քանի քրեական գործով


Երևանում պայթել է Mitsubishi-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր, նրանք անցնում էին մի քանի քրեական գործով
Փետրվար 8 10:53 2024

Այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում պայթյուն է  տեղի ունեցել և կան վիրավորներ:

Shamshyan.com-ի տեղեկություններով պարզվել է, որ նշված վայրից «պայթյունաբեկորային բազմաօրգան վիրավորում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:

Տեղում պարզվել է, որ տարածքը ոչ թե Կոտայքի մարզի վարչական շրջանում է, այլ Երևանում:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Գ.-ն և Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Միխայել Մ.-ն:

Mitsubishi մակնիշի ավտոմեքենան ժամը 00:10-ի սահմաններում երթևեկել է Թևոսյան փողոցով, ապա ավտոմեքենան կայանել է նշված փողոցի 4-րդ հասցեի մոտ, որից րոպեներ անց մեքենայի սրահում դեռևս անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Կարեն Գ.-ն և Միխայել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրվոր Կարեն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Mitsubishi ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նռնակի պարագա, որը հավաբար պայթյունի հետևանքով է մնացել ավտոմեքենայում:

Վիրավոր Միխայել Մ.-ն նախկինում եղել է դատապարտված, Կարեն Գ.-ն ևս անցնում էր մեկ այլ քրեական գործով(սպանության սպառնալիք):