Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ռազմագիտության ուսուցիչը մեքենայով 100 մ․ շրջվելով հայտնվել է ձորում


Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ռազմագիտության ուսուցիչը մեքենայով 100 մ․ շրջվելով հայտնվել է ձորում
Փետրվար 6 21:05 2024

Երեկ՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Ժորա Գ․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ենոքավան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մ գլորվելով բախվել ծառերին և հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժորա Գ․-ն տեղում մահացել է։ Նրա դին դուրս են բերել գյուղացիները և մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել դիատարին։

Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Ենոքավան բնակավայրի հիմնական դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։