Երեկ Միացյալ Նահանգների բնակիչներն ականատես են եղել արևի ամբողջական խավարման դիտարժան երևույթին, որն ուղիղ եթերով հեռարձակել են բազմաթիվ լրատվամիջոցներ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, անցած 99 տարվա ընթացքում սա ԱՄՆ տարածքում արևի առաջին ամբողջական խավարումն էր:
Հազվագյուտ բնական երևույթին հետևել են միլիոնավոր մարդիկ՝ այդ թվում նաև աստղերն ու ԱՄՆ նախագահական ընտանիքը՝ Դոնալդ և Մելանյա Թրամփները, որոնք կառավարության մի շարք անդամների հետ դուրս են եկել Սպիտակ տան պատշգամբ ու հատուկ ակնոցների միջոցով նայել արևի ու լուսնի էպիկական «հանդիպմանը»: Ի դեպ, նախագահը սկզբում հրաժարվել է խավարմանը նայել հատուկ ակնոցի միջոցով՝ նախընտրելով կկոցել աչքերը, բայց հետո տեղի է տվել ու օգնականից վերցրել ակնոցը:
Ընդհանուր առմամբ, խավարմանը հետևել են ԱՄՆ 14 նահանգի բնակիչները: Երևույթն ամենաառաջինը տեսանելի է եղել Օրեգոնի բնակիչների համար: Հաջորդ 90 րոպեի ընթացքում այն տեսանելի է դարձել ևս 13 նահանգի համար: Մինչդեռ մնացած 36 նահանգներում մարդիկ ականատես են եղել արևի մասնակի խավարմանը: