Իրանը Իսրայելին խիստ պատիժ է խոստացել՝ ԻՀՊԿ ռազմական խորհրդականների սպանության համար


Իրանը Իսրայելին խիստ պատիժ է խոստացել՝ ԻՀՊԿ ռազմական խորհրդականների սպանության համար
Հունվար 20 22:40 2024

Պաշտոնական Թեհրանը հայտարարություններ է տարածել՝ Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով իր 5 ռազմական խորհրդականների մահվան կապակցությամբ։

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իսրայելին սպառնում է խիստ պատիժ, հայտնում է Mehr-ը։

Հաղորդելով իր ուղերձը՝ Ղալիբաֆը ցավակցություն է հայտնել Իսլամական հեղափոխության առաջնորդին, դիմադրության ուժերին, Իրանի ժողովրդին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զոհված խորհրդականների ընտանիքներին։

Իր հերթին՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է Սիրիային Իսրայելի հարվածներին։

Խստորեն դատապարտելով Իսրայելի հարվածները սիրիական բնակելի թաղամասին՝ Քանանին ասել է, որ «սիոնիստների հանցավոր և ագրեսիվ արարքը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է»։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը կոչ է արել միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, դատապարտել Իսրայելի ռեժիմի հանցագործությունները: