Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Եթե հետևել եք այսօրվա ակցիային, ապա տեսել եք, թե ինչպես է ոստիկանությունը անհամաչափ գործողություններ կիրառում ցույցի մասնակիցների, ավելի ստույգ տղամարդ մասնակիցների հանդեպ։ Ոստիկանությունը իրազեկման ակցիայից րոպեներ անց բերման ենթարկեց վրանը ու բարձրախոսները, քանի որ նախորդ օրերի փորձից գիտեն, որ անգամ բերման ենթարկելուց հետո մենք շարունակելու ենք ակցիան»։
Հայրապետյանը ընդգծում է․ «Եթե Փաշինյանը մտածում է, որ բարձրախոս ու վրան տանելով կանխելու է իրազեկումը, չարաչար սխալվում է։ Մեր ակցիայի մասնակիցներով անհատապես ենք մոտեցել մարդկանց ու իրազեկել նախաձեռնության մասին»։
Ադրբեջանագետը հայտնում է՝ շարունակելու են շարժումը․ «Իշխանության ոչ համարժեք արձագանքը փաստում է, որ իրենք վախենում են մարդկանց ոտքի ելնելուց, իրենց հեռացնելուց, իշխանությունը իրենց համար գերակա է պետական շահից, դրա համար պատրաստ են վտանգել պետությունն ու պետականությունը իրենց իշխանությունը պահելու համար։
Շնորհակալ եմ այսօր մեզ միացողներին ու լուսաբանող լրագրողներին»,- գրել է նա։