Ամուսինը մենակ է թողել կնոջը բարում, երբ վերջինը պատահաբար պատվիրել է ավելի քան երկու հազար դոլար արժողությամբ կոկտեյլ։
Բելֆաստի բնակիչ Լինսին միջադեպով կիսվել է TikTok-ում: Նա ասել է, որ ամանորյա տոներին ընդառաջ ինքն ամուսնու եւ քրոջ հետ հանգրվանել էր Լոնդոնի հինգ աստղանի հյուրանոցներից մեկում: Այնուհետեւ ամուսնու հետ գնացել են հյուրանոցի բար՝ խմելու, եւ նա պատվիրել է մի կոկտեյլ, որը ներառում էր Cristal շամպայն՝ ոսկու կտորներով, եւ 30 տարվա հնեցման վիսկի: Կոկտեյլն արժեցել է 2356 ԱՄՆ դոլար։ Երբ նրան հանձնել են հաշիվը, նա խոսելու կարողությունը կորցրել է, քանի որ մտածում էր, թե կոկտեյլն արժեր 23,56 դոլար։ Լինսին հաշիվը ցույց է տվել ամուսնուն, որն այնքան է զայրացել, որ նրան մենակ է թողել բարում՝ իրավիճակը կարգավորելու համար:
Կինը դիմել է բարմենին՝ խոստովանելով, որ սխալմունք է թույլ տվել: Բարմենը զանգահարել է մենեջերին, որը նրբանկատ է գտնվել եւ ասել, որ ավելի ուշ «կզբաղվի այդ հարցով»:
«Ես խելագարվել էի… Իսկ, եթե ինձ խնդրեին վճարել այդ կոկտեյլի համար, որն ինձ նույնիսկ դուր չէր եկել, քանի որ վիսկիի հիմքով էր, իսկ ես չեմ սիրում վիսկի․․․ Այնպես որ, ես խուսափում էի բարից»,-պատմել է նա։ Մի քանի օր անց նա հանդիպել է մենեջերին, որը կատակել է կատարվածի վերաբերյալ՝ ասելով, թե բարմենը հեռացվել է աշխատանքից: Լինսին արտասվել է՝ ասելով, որ այդպես պետք չէր անել, եւ ինքը կվճարի կոկտեյլի համար: Բարեբախտաբար, մենեջերը կատակում էր։
Այս պատմության մասին տեսանյութը դիտվել է ավելի քան 1,8 միլիոն անգամ։ Օգտատերերին զայրացրել է կոկտեյլի արժեքը։ «Անկեղծ ասած՝ սա բացարձակ անհեթեթ գին է»,-գրել է նրանցից մեկը:
Մյուսներն ավելի թերահավատորեն են վերաբերվել պատմության իսկությանը: «Այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ»: «Ստացվում է՝ դուք պատվիրել եք վիսկիով կոկտեյլ, բայց չեք սիրում վիսկի: Հիանալի գաղափար է, ես նույնպես ձեզ մենակ կթողնեի պարզաբանման հարցում»: Մեկ ուրիշն էլ հավելել է. «Այս պատմության ամենացնցող պահն այն է, որ Ձեր ամուսինը Ձեզ մենակ է թողել»:
Աղբյուրը՝ news.am