Ներկա միտումների պահպանման պայմաններում կանխատեսված տնտեսական աճը կարող է ավելին լինել. Վահե Հովհաննիսյան


Ներկա միտումների պահպանման պայմաններում կանխատեսված տնտեսական աճը կարող է ավելին լինել. Վահե Հովհաննիսյան
Նոյեմբեր 15 06:45 2023

Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ Ներկա է Նիկոլ Փաշինյանը։

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ, չնայած  դժվարին մարտահրավերներին, ի ուրախություն բոլորի, Հայաստանի տնտեսությունը դրսևորել ու շարունակում է  դրսևորել բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում շնորհիվ կառավարության ու ԿԲ կողմից իրականացվող արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների ու համարժեք գործողությունների։

Նրա ներկայացմամբ, տնտեսական աճի և ակիտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ, երկնիշ տնտեսական աճը պահանվել է նաև այս տարվա առաջին կիսամյակում, իսկ  հունվար–սեպտեմբերի արդյունքներով արձանագրվել է 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։

«Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակներում և ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել»,- ասաց Վ.Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ 2024  թվականին ևս թիրախավորում են ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և  հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում  շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում  հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ։