Մեծ Բրիտանիան Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդն է․ Նարիշկին


Մեծ Բրիտանիան Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդն է․ Նարիշկին
Սեպտեմբեր 6 18:34 2023

«Մեծ Բրիտանիան երկար ժամանակ եղել և այժմ էլ մնում է Ռուսաստանի Դաշնության վտանգավոր աշխարհաքաղաքական հակառակորդը»,- «Ազգային պաշտպանւթյուն» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեծ Բրիտանիան դարեր շարունակ եղել ու մնում է մեր հայրենիքի վտանգավոր աշխարհաքաղաքական հակառակորդը»,- ասել է Նարիշկինը՝ հավելելով, որ շատ պատերազմներում ու հակամարտություններում, որոնք ուղղված են եղել Ռուսաստանի շահերի դեմ, շատ հաճախ Լոնդոնի մատը խառն է եղել։

«Անդրկուլիսյան ինտրիգների, մեր երկրի դեմ բրիտանացիների իրականացրած սադրանքների հարյուրավոր օրինակներ կան։ Իհարկե, Մեծ Բրիտանիան վաղուց արդեն կորցրել է նախկինում ունեցած հզորությունը, սակայն ուղղորդվելով անսկզբունք սյուզերենի կողմից, շարունակում է մնալ խիստ վտանգավոր»,- ասել է Նարիշկինը։

Նրա խոսքով՝ այսօր Բրիտանիան ամերիկաբրիտանական տանդեմում արդեն առաջատար դեր չի խաղում, ԱՄՆ-ն Բրիտանիայի  և իր մյուս դաշնակիցների կարծիքն առանձնապես հաշվի  չի առնում,  նրանց օգտագործում է զուտ որպես իր  շահերի սպասարկուներ։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենն, այնուհանդերձ, ձեռնպահ է մնացել բրիտանացիներին ու ամերիկացիներին Ռուսաստանի գլխավոր հակառակորդներ համարելուց։

«Կարիք չկա չափազանցնել անգլոսաքսոնական էլիտաների միասնությունն ու նրանց դերակատարումը միջազգային քաղաքականությունում, թեպետ թերագնահատել նույնպես պետք չէ»,- ասել է Սերգեյ Նարիշկինը։