Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Աղաբաբյան փողոցի 20/7 հասցեի դիմաց, թիվ 51 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում ու վարորդը իջել է ավտոբուսից և նկատել է, որ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը այդ պահին ավտոբուսի ընթացը կանգնեցնելու նպատակով քար է վերցրել, որպեսզի այն դնի ավտոբուսի անիվի տակ, սակայն այդ պահին անիվը սեղմել է քարը, քարն էլ սեղմել է նրա ձեռքի մատը:
Վարորդին՝ քաղաքացիների օգնությամբ, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարին փոխարինող Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու Վաղարշակ Սարգսյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոբուսի առաջ ընթանալու հետևանքով այն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes CLS մակնիշի ավտոմեքենային: Ավտոբուսում ուղևորներ չեն եղել:
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: