Շիրակի մարզում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը. այն կտևի 3 տարի


Շիրակի մարզում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը. այն կտևի 3 տարի
Մայիս 18 11:40 2023

Շիրակի մարզում 30 տարի անց մեկնարկեց 60 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջրամաբարի կառուցումը կիրականացվի երկու փուլով. նախ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար, իսկ արդեն երկրորդ փուլում ջրամբարի ծավալը կհասցվի 60 միլիոն խորանարդ մետրի։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 120 միլիոն եվրո։«Այսօր մեզ համար շատ կարևոր և նշանակալի իրադարձության սկիզբ է։ Երկար տարիների դադարից հետո վերջապես մեկնարկում է Կապսի ջրամբարի շինարարությունը և այն շահագործման հանձնելու որոշումը, որը մի շարք առանցքային փոփոխություններ կառաջացնի թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական կյանքում։

Կառավարության վերջին տարիներին վարած քաղաքականության հիմքում կարևոր նշանակություն ունի ավելի շատ քանակով հողատարածություններ ոռոգելի դարձնելը և այս ջրամբարի շինարարությունը  մեր շատ համայնքների և բնակավայրերի համար դառնալու է կայուն գյուղատնտեսությամբ զբաղվելու անհրաժեշտ նախադրյալ»,-Կապսի ջրամբարի հիմնարկեքի արարողության ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:  Ջրամբարի հիմնարկեքին ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, դեսպաններ, ֆինանսավորող և կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ջրամբարի 25 միլիոն խորանարդ մետր ծավալով կառուցման դեպքում ջրով կապահովվի շուրջ 17,000 հա հողատարածք, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ 60 միլիոն խորանարդ մետր ծավալի դեպքում հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11.0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, ջրաչափության հուսալի համակարգի տեղադրման արդյունքում կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։

«Բավականին երկար ժամանակ մեծ ջանքեր ենք գործադրել, որ այսօրվա միջոցառումը կայանա և շինարարության մեկնարկը տրվի։ Կառավարությունը շատ մեծ կարևորություն է տալիս ջրամբարների կառուցմանը և դա ունի բազմաթիվ պատճառներ։ Եթե ջրամաբարները չլինեն, մեր երկրում գոյացող ջրի հիմնական մասը կկորչի և ոռոգման շրջանում հաճախ չի բավարարում այդքան անհրաժեշտ ջուրն իր բազմաթիվ հետևանքներով։ Բայց այս ջրամաբարը ոչ միայն այդպիսի խնդիր կարող է լուծել, այլ նոր տարածքներ կդառնան ոռոգելի, բավականին շատ էլեկտրաէներգիա կխնայվի, ինչպես նաև տուրիստական և այլ առումներով իր դրական ազդեցությունը կունենա»,- ընդգծեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, իսկ կառուցապատողը չինական «Shanxi Construction Investment Group Co» ընկերությունն է։

Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյանի գետահովտում։ Դեռ 1985 թվականին նախատեսվել է 90 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը՝ ապահովելու Շիրակի մարզի շուրջ 30000 հա հողերի ոռոգումը, սակայն պատվարի կառուցումն ավարտին չի հասցվել 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժին հետևած տնտեսական վիճակի վատթարացման և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման պատճառով և վերջնականապես 1993 թվականին շինարարությունը դադարեցվել էր։

Ջրամբարի կառուցման հետևանքով Ջրաձոր գյուղի մի հատվածը կհայտնվի ջրի ծածկույթի տակ, ուստի որոշում է կայացվել կառուցել նոր գյուղ, որը պատրաստ կլինի 2026 թվականի գարնանը։