Բրիտանացի զույգը, որն առաջին անգամ փորձել է ամուսնանալ 1963 թվականին, սակայն բաժանվել է հարսնացուի ծնողների դեմ լինելու պատճառով, ցավոտ բաժանումից վեց տասնամյակ անց ի վերջո ամուսնացել է:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 79-ամյա Լեն Օլբրայթոնը և 78-ամյա Ժանետ Սթերն առաջին անգամ նշանադրվել են 1960-ականներին և ծրագրել տեղափոխվել Ավստրալիա՝ միասին նոր կյանք սկսելու համար:
Սակայն ընդամենը 18 տարեկանում ամուսնանալու համար աղջկան անհրաժեշտ էր ծնողների թույլտվությունը: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում ամուսնության համար թույլատրելի տարիքը 21-ն էր: Աղջկա ծնողները մերժել են, ու հարսանիքը չեղարկվել է. այնուհանդերձ, Օլբրայթոնը որոշել է իրականացնել իր կյանքի երազանքը՝ տեղափոխվել Ավստրալիա:
Ժամանակի ընթացքում զույգը կորցրել է կապը և սկսել առանձին-առանձին կառուցել ընտանեկան կյանքը: Օլբրայթոնն Ավստրալիայում ամուսնացել է և տուն կառուցել այն հողամասում, որը սկզբում գնել էր Սթերնի հետ տուն կառուցելու համար: Տարիների ընթացքում նա դարձել է երեք երեխաների հայր։
Միևնույն ժամանակ Սթերնը մնացել է Ուայթ կղզում, որտեղ նա և Օլբրայթոնը մեծացել էին. աղջիկն այնտեղ ամուսնացել է նավատորմի սպայի հետ և ունեցել երկու երեխա՝ միաժամանակ առաջ տանելով բուժքույրական հաջող կարիերան:
Բայց երբ Օլբրայթոնի ամուսնությունն ավարտվել է 2015 թվականին, նա որոշել է գտնել իր առաջին սիրուն՝ Ժանետ Սթերնին, որպեսզի տեսնի, թե արդյոք նա դեռ ողջ է, և արդյոք նա ընդհանրապես հիշում է իրեն:
Ուստի նա գնացել է Ուայթ կղզի՝ գտնելու Ժանետին:
«Ես սարսափում էի, չգիտեի, թե ինչպիսին կլինի նրա արձագանքը։ Ես գնացի առանց շանսի: Նրա հասցեն հեշտ չէր գտնել, բայց ես գտա: Ես պարզապես հույս ունեի, տեսնել, որ նա լավ է, այլ բան չէի էլ ակնկալում։ Ես շատ զարմացած եմ իմ ճամփորդության արդյունքով և շատ երջանիկ», - ասել է տղամարդը:
Արդյունքում նա հայտնվել է Սթերնի տան պարտեզի ցանկապատի մոտ և հայացքը հառել դեպի տունը, երբ մի կին դուրս է եկել տեսնելու, թե ով է կանգնածը:
Սթերնը, որն այդ ժամանակ դեռ ամուսնացած էր իր առաջին ամուսնու հետ, սկզբում չի ճանաչել Օլբրայթոնի մորուքավոր դեմքը, քանի որ նրան վերջին անգամ տեսել էր որպես 19-ամյա երիտասարդ: Կինն ապշել է, երբ իմացել է, թե ով է իր դիմաց կանգնած:
«Ես քիչ էր մնում մեռնեի, երբ հասկացա, որ նա է կանգնած իմ այգու ցանկապատի մոտ», - պատմել է Սթերնը:
Այնուամենայնիվ, նա Օլբրայթոնին հեռացրել է իր տան մոտից՝ ամուսնուն խաբելով, որ նա անծանոթ է և ինչ-որ հասցե է փնտրում:
Նրանց անակնկալ հանդիպումից հետո երկու տարի անց Սթերնի ամուսինը մահացել է քաղցկեղից:
Դրանից հետո զույգը վերամիավորվել է. Օլբրայթոնը սիրելիին հրավիրել է իր հետ ապրելու Սթիվենեյջում:
Զույգը ամուսնացել է փետրվարի 11-ին, փոքրիկ արարողության ժամանակ, որին ներկա էին նրանց երեխաները, թոռներն ու ծոռները:
«Ամուսնական կյանքը ֆանտաստիկ է, ավելի լավ չէր կարող լինել», - պատմել է Սթերնը: