Եթե պատվաստվածների թիվը բարձր է, վտանգն այնքան էլ մեծ չէ․ «Հրապարակ»


Եթե պատվաստվածների թիվը բարձր է, վտանգն այնքան էլ մեծ չէ․ «Հրապարակ»
Մարտ 14 11:15 2023

«Հրապարակ» թերթը գրում է.

 

Երեկվա դրությամբ Հայաստանում կար կարմրուկի 50-ից ավելի հաստատված դեպք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է, որ կարմրուկը 2022թ․ տարածաշրջանում աշխուժացել է, եւ վերջին տվյալներից դատելով՝ իրենք ակնկալել են, որ նաեւ Հայաստան պետք է ներթափանցի։ Համաճարակաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում առաջին վարակակիր երեխան եղել է արտասահմանից։ Թե կոնկրետ որ երկրից, նախարարը չի նշում, բայց ասում է, որ պատվաստումներն արդյունավետ կանխարգելման տարբերակ են։ «Հրապարակը» գրել էր, որ կարմրուկով հիվանդացած առաջին 20 հիվանդների մեծ մասը գտնվել է «Ուիգմոր» կենտրոնում, որոնց մի մասն է միայն հոսպիտալացվել մասնագիտացված Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Եվ բժշկական աշխարհում խոսում են այն մասին, որ Ավանեսյանի մոր անվան հետ կապվող «Ուիգմոր» կենտրոնից է այն առավել տարածում գտել, քանի որ բուժքույրերից մեկը հիվանդ է եղել եւ անզգուշաբար վարակել է տասնյակից ավելի մարդու։ Իսկ կարմրուկի թվերն օր-օրի աճում են: Թե ինչպես պետք է կանխել նոր թափ առնող համաճարակը, ինչ միջոցներ պետք է ձեռնարկել, զրուցել ենք համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի հետ:

- Եթե կորոնավիրուսի դեպքում գոնե ինչ-որ միջոցներ էին ձեռնարկվում, ապա հիմա որեւէ գործուն քայլ տեսանելի չէ կարմրուկի դեմ:

- Նախ, առողջապահության նախարարությունը պետք է հստակ տիրապետի չպատվաստված երեխաների տվյալներին, ապա նոր համապատասխան գործողությունների անցնի: Եթե պատվաստվածների թիվը մեզանում 90 տոկոսից բարձր է, ապա վտանգն այնքան էլ մեծ չէ: Մշտապես այդ տոկոսները մեզանում բարձր են եղել, սակայն վերջին տարիների մասով այնքան էլ վստահ չեմ, չեմ կարող ասել:

- Պատվաստվածների թիվը որքա՞ն է կազմում:

- Ես հստակ չգիտեմ, նախկինում բավականին շատ են եղել, սակայն վերջին տարիներին քովիդի դեմ պատվաստումներն ու գարդասիլի մասին քննարկումները հասարակության շրջանում անվստահություն են առաջացրել: Այդ ամենը, ըստ իս, ազդել է մարդկանց վրա: Կան նաեւ դեպքեր, որ մարդիկ չեն պատվաստվել, այս կամ այն ծրագրից դուրս են մնացել, սակայն դրանց տոկոսը մեծ չէ: Չեմ կարծում, թե նրանք զգալի մաս կազմեն ու բռնկման աղբյուր հանդիսանան: Այլ հարց է, որ կան ներգաղթյալներ Ռուսաստանից, Ուկրաինայից: Չի բացառվում, որ հենց նրանք են տարածել վարակը:

- Ի՞նչ պետք է անել վարակը հնարավորինս կանխելու մասին:

- Եթե բավարար է պատվաստման ծածկույթը, ապա առանձնապես մեծաթիվ եւ կտրուկ շարժեր այս առումով չեն լինի: Գուցե կա թիրախային աշխատանքի կարիք` ներգաղթյալների հետ, սակայն դրանով պետք է զբաղվեն այն մարմինները, որոնք տիրապետում են այդ թվերին: