Արվածքներից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի գործով մեղադրյալ չկա. 7 ամսվա ընթացքում ՔԿ-ն չի կարողացել պարզել անգամ հրդեհի պատճառը


Արվածքներից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի գործով մեղադրյալ չկա. 7 ամսվա ընթացքում ՔԿ-ն չի կարողացել պարզել անգամ հրդեհի պատճառը
Մարտ 8 09:38 2023

Սյունիքի մարզի մարտական դիրքերից մեկում զինվորական հանգստի համար նախատեսված վագոն-տնակում զինծառայող Պայլան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի պատճառները դեպքից յոթ ամիս անց մնում է չպարզված, որևէ անձ առ այս պահը մեղադրյալի կարգավիճակ չունի: Այս մասին հայտնի է դառնում ՔԿ-ին հասցեագրված «Փաստինֆո»-ի գրավոր հարցման պատասխանից:

Հիշեցնենք, որ զինծառայողն այրվածքները ստացել է 2022թ. հուլիսի 17-ին, սակայն դեպքի մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն հուլիսի 25-ին, երբ զինծառայողն արդեն ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, իսկ դրանից օրեր անց էլ հայտնի դարձավ նրա մահվան մասին։ Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Ըստ պաշտպանական գերատեսչության, Պալյանն այրվածքներ է ստացել դիրքերում, զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից:

Պալյանի ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են իշխանություններին և դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը, ըստ ծնողների, հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել՝ նշելով, որ Պալյանը և ևս երեք զինծառայող փակված են եղել վագոն-տնակում, մինչև հերթապահը կհասներ և կբացեր դուռը: Ավելին, պարզվում է զինծառայողին ժամանակին պատշաճ բուժօգնություն չէր ցուցաբերվել ի սկզբանե, այրվածքներ ստանալուց հետո զինծառայողի մարմնի կրակը հանգցրել են ջրով և հողով, այրվածքներ ստանալուց հետո հինգ ժամ զինծառայողը մնացել է դիրքում՝ մինչև լուսաբացին տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ 2022թ․ հուլիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութի, սարքի կամ առարկայի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ տվյալ առարկայի ոչնչացում կամ վնասում): Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել Պ․ Պողոսյանին, և ևս 3 անձի տուժող ճանաչելու մասին:

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Վարույթի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություննները ստացվել են, իսկ դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական փորձաքննությունների եզրակացությունները՝ ոչ:

«Հրդեհի բռնկման պատճառը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման հանգամանքը պարզ կլինի դատահրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալով: Նախաքննության ներկա փուլում քրեական վարույթով մեղադրյալ ներգրավված անձինք չկան»,- հայտնել են ՔԿ-ից:

Կարեն Քարամյանը, որին կատարվածի համար մեղադրում են Պալյան Պողոսյանի ծնողները, քրեական վարույթով ունի վկայի դատավարական կարգավիճակ: Ինչ վերաբերում է զինծառայող Պալյան Պողոսյանին ժամանակին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ չկատարելուն, ապա այդ ուղղությամբ ՔԿ-ն քննություն սկսել է անել միայն ամիսներ անց։ ՔԿ-ից գրավոր հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում այդ հանգամանքները պարզելու համար 2023թ փետրվարի 20-ին որոշում է կայացվել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այսինքն՝ փորձաքննությունը նշանակվել է զինվորի մահից շուրջ 7 ամիս անց։

«Ենթադրյալ հանցանքի և հանցանք կատարած անձանց առկայությունը հնարավոր կլինի պարզել նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց և դրանցից բխող քննչական և վարույթային գործողությունները կատարելուց հետո: Քրեական վարույթում՝ ներգրավված անձանց, այդ թվում՝ նաև տուժողների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին լիարժեք համապատասխան»,- նշել են ՔԿ-ից: