Բալիում շահագործումից հանված Boeing 737-ը վերածել են շքեղ վիլլայի։ Արտասովոր հյուրանոցը գտնվում է զառիթափ ժայռի վրա՝ հայտնի զբոսաշրջային կղզու հարավային մասում՝ Նյանգ Նյանգ լողափի վերևում, գրում է Designboom-ը։
Հին ինքնաթիռը փոքր հյուրանոցի վերածելու գաղափարը ծագել է ձեռնարկատեր և ճանապարհորդ Ֆելիքս Դեմինիի մոտ, ով վերջին մի քանի տարիներին ապրում է Բալիում։ Ինքնաթիռը պատկանել է ինդոնեզական Mandala Air ավիաընկերությանը, որը մոտ տասը տարի առաջ կրճատել է իր գործունեությունը։ Այդ ժամանակվանից ի վեր ինքնաթիռը երբեք օդ չի բարձրացել։
Շուրջ մեկ շաբաթ է պահանջվել Boeing 737-ը Դենպասարի օդանավակայանից վերջնական հանգրվան տեղափոխելու համար: Օդանավի սրահում, որտեղ բոլոր ուղևորների նստատեղերն ու ուղեբեռի դարակները հանվել են, երկու լիարժեք ննջասենյակ կա։ Ապամոնտաժվել է օդաչուների խցիկի ողջ կառավարման համակարգը, որից հետո այնտեղ տեղադրվել է մեծ լոգարան։
Բացի այդ, Boeing-ի կողքին տեղադրվել է ուղղաթիռի համար նախատեսված հարթակ, ինչպես նաև փոքրիկ լողավազան՝ «դեպի Հնդկական օվկիանոս ցնցող տեսարանով»։ Հյուրանոցն ունի 24-ժամյա ընդունարան և անվճար կայանատեղի: Ինքնաթիռ-վիլլայում մեկ գիշերն արժե առնվազն $7,3 հազար։